Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում վերջին զարգացումները
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումները, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ Պուտինը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կնքված պայմանավորվածությունների մասին, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշված է. ՛՛Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ եւ համապարփակ կարգավորման հասնելու համար:
Հատկապես նշվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման կարեւորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել արյունահեղությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ համագործակցության մասին` հայտարարության մեջ նախատեսված մի շարք միջոցառումների իրականացման համատեքստում՛՛: