շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փորձագետներն անդրադարձել են ինտեգրացիոն գործընթացում Հայաստանի հնարավորություններին ու մարտահրավերներին

Փորձագետներն անդրադարձել են ինտեգրացիոն գործընթացում Հայաստանի հնարավորություններին ու մարտահրավերներին

Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները, քաղաքագետներն ու սոցիոլոգները համակարծիք են, որ Հայաստանի անկախ պետականության ամրապնդման եւ կայունության հաստատման լավագույն ճանապարհը ավելի ակտիվորեն և կառուցողական մոտեցումներով ներգրավվելն է Ռուսաստանի գլխավորած եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: 

«Արմենպրես»-  հաղորդմամբ՝ «Անկախություն և ինքնիշխանություն. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» թեմայով գիտաժողովի ընթացքում Հայ-ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր, Ռուսաստանի մանկավարժական և սոցիալական գիտությունների և բնական գիտությունների ակադեմիաների լիիրավ անդամ Պարգև Ավետիսյանն ընդգծեց, որ միասնական տնտեսական տարածքում Հայաստանի ինտեգրումը մի շարք հնարավորություններ է բացում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ կառուցվածքային փոփոխությունների համար: 

   «ԵԱՏՄ-ին անդամակցելը պետք է դիվիդենտներ բերի ոչ միայն տնտեսության, անվտանգության, այլ նաև հումանիտար ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, ազգային ինքնության պահպանում և այլն: Ուստի, ԵԱՏՄ հետագա զարգացման համար անհրաժեշտ է նաև հումանիտար համագործակցություն՝  կրթության, գիտության, մշակույթի և տեղեկատվության միասնական տարածքի ձևավորում, որը հիմք կդառնա Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման համար»,-ասաց Ավետիսյանը։ Նրա խոսքով՝  ՀՀ կրթության ոլորտում պետական քաղաքականության ամենակարևոր գերակայությունը պետք է լինի նաև ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունն ու մասնակից մյուս երկրների հետ համատեղ, կրթական ընդհանուր տարածքի ստեղծումը: Ըստ բանախոսի՝ այն հնարավորություն կընձեռի, պահպանելով կուտակված դրական փորձը, բարեփոխել Հայաստանի կրթական համակարգը՝ տեղեկատվական հասարակության կրթության նոր նորարարական պարադիգմին համապատասխան: 

«Բարձրագույն կրթության ոլորտում ԵԱՏՄ երկրների ինտեգրումը, առաջին հերթին, պետք է օգնի դեռ ձևավորվող կրթական շուկայի ստեղծմանը, հետևաբար, ինչը հրատապ անհրաժեշտություն է դարձնում երկրների միջև սերտ համագործակցության հաստատումը: Ավելին, եվրասիական գիտակրթական տարածքը կծառայի տնտեսական համագործակցության ձևավորմանն ու հիմքերի ամրապնդմանը և կրթական ճգնաժամերը հաղթահարելու հնարավորություն կստեղծի»,- արզաբանեց զեկուցողը՝ հավելելով, որ Հայաստանը, որպես հետխորհրդային ու  եվրոպական բարձրագույն կրթության ավանդույթները համատեղող երկիր, ներկայում բախվում է այն բարեփոխելու անհրաժեշտությանը: 

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն իր զեկույցում անդրադարձավ մասնավորապես անվտանգ և կայուն հասարակություն ունենալու և  զարգացող տնտեսություն ստեղծելու հնարավորություններին:

«Եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի Հանրապետությանը բանական այլընտրանք չկա»,-համոզմունք հայտնեց փորձագետը՝ հավելելով, որ կառուցողական ոգեղեն բովանդակություն պետք է հաղորդել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի զարգացմանը, որովհետև միայն Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար աճող ներկայությունն է Հայաստանում ի վիճակի նվազագույնի հասցնելու թուրք-ադրբեջանական սպասվող տնտեսական, այնուհետեւ էլ քաղաքական էքսպանսիայի հետևանքները: 

Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը և քաղաքական գիտությունների թեկնածու, փորձագետ  Նորայր Դումալյանը համատեղ զեկույցում նշել են, որ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացները Հայաստանը դիտում էր որպես տնտեսական և առևտրային ներուժն իրացնելու հնարավորություն: Դրանից ելնելով ՝ ինտեգրման սկզբունքը եղել և մնում է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Հետպատերազմյան պայմաններում այս սկզբունքն ավելի արդիական է դառնում, քանի որ պատերազմում կրած պարտությունը հանգեցրեց Հայաստանի առավել խոցելի դիրքի ՝ աշխարհաքաղաքական նոր կազմաձևերի մարտահրավերների առջև:

Արդյունքում, Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը, անկախ ԵԱՏՄ և ՀԱՊԿ այլ երկրների երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունների համատեքստից, դառնում է ընդհանուր մարտահրավեր այդ ինտեգրացիոն ասոցիացիաների մասնակից բոլոր պետությունների համար: 

Մասնավորապես փորձագետ Դումալյանի դիտարկմամբ՝ հետպատերազմյան կարգավորման գործընթացում փոփոխություններ են կատարվել, և առկա իրավիճակը կարելի է դիտարկել մի քանի բլոկների շրջանակներում: Դրանցից փորձագետն առանձնացրեց մասնավորապես ՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավոր հետևանքները, ՌԴ-Հայաստան-Արցախ անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորումը, Սյունիքի մարզի անվտանգության ապահովումն ու տնտեսական ծրագրերում Իրանի ներգրավումը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կայունացումը և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում Թուրքիայի Հանրապետության ազդեցության աճի կանխումը:

  • Կիսվել: