ԿԳՄՍ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, առաքելության այլ անդամներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընթացիկ և նախանշվող ծրագրերը: Անդրադարձ է եղել Համաշխարհային բանկի հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկին՝ կրթության ոլորտում տարիներ շարունակ ցուցաբերած արդյունավետ աջակցության համար։ Նա կարևորել է Համաշխարհային բանկի շարունակական ներգրավվածությունը կրթության ոլորտի բարեփոխումներում՝ ընդգծելով, որ գործընկերային հետևողական մոտեցումը նպաստում է երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։
Նախարարը նշել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատվելուց հետո ներկայացվել է ԱԺ քննարկմանը, համակարգային բարեփոխումների հիմք է հանդիսանալու։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվում են նաև հանրային լսումներ Ազգային ժողովում, ինչը կարևոր նախապայման է՝ մասնակցային և թափանցիկ օրենսդրական գործընթաց ապահովելու առումով։
Միխալ Ռուտկովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը կրթության և գիտության ոլորտների բարեփոխման հարցում և վերահաստատել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու այս ոլորտի բարեփոխումներին:
Կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։