չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետք է հասկանալ՝ անվտանգային միջավայրի խաթարումը ե՛րբ և ինչպե՛ս է տեղի ունեցել. Փաշինյան

Պետք է հասկանալ՝ անվտանգային միջավայրի խաթարումը ե՛րբ և ինչպե՛ս է տեղի ունեցել. Փաշինյան

Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, ըստ որի՝ Փաշինյանի ընդդիմախոսներն ասում են, որ նրա իշխանությունը ամենամեծ հարվածի տակ դրեց անվտանգային միջավայրը, և եթե չկա անվտանգային միջավայր, ոչ մի լավ բան չի աշխատի, և եթե Փաշինյանը մնում է իշխանության, ապա այդ անվտանգային միջավայրը երբեք չի փոխվի:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. ՛՛Շատ ճիշտ են ասում, օրինակ, որ եթե անվտանգային միջավայր չլինի, ոչ մի բան չի զարգանա, բայց խնդիրը հետևյալն է՝ իսկ այդ անվտանգային միջավայրի խաթարումը ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել։ Դա չի կարող ուղղակի մի օրում տեղի ունենալ։ Որպեսզի այդ պրոցեսը հասկանանք, պետք է պատկերացնենք այն փուլերը, որոնցով զարգացել է Ղարաբաղի հարցը՛՛։

Դիտարկմանը, թե նախկինների մասին գիտենք, այս պահին պատասխանատուն վարչապետի պաշտոնակատարն է, ուստի ինչպե՞ս պետք է այդ հարցը լուծի, Փաշինյանը նշեց. ՛՛Առաջինը՝ մեր միջազգային քաղաքականությամբ և միջազգային դիվանագիտությամբ։ Միջազգային հարաբերությունների զսպող մեխանիզմները պետք է աշխատեն։ Առաջին հերթին հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմամբ:

Եվ երկրորդ՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործմամբ, երրորդը՝ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահությամբ վերաներգրավմամբ մեր տարածաշրջանի անվտանգային գործերին՛՛:

  • Կիսվել: