երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետական համակարգը ձախողված է, բայց կայանում է երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտը

Պետական համակարգը ձախողված է, բայց կայանում է երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտը

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պետական ամբողջ համակարգը չի աշխատում, ձախողված է ըստ վարչապետի, եւ դարձյալ ըստ վարչապետի մի շատ կարեւոր ինստիտուտ է կայանում՝ երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բարոյականությունից գանգրենա ունեցողները իշխանության ջրերի վրա մնալու համար պատրաստ են ուրանալ իրենց տասնամյակների ընկերներին: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նախկիններին մերժողները, մեղադրողները այս շատ կարճ ժամանակում էապես գերազանցել են նախկիններին եւ մենիշխանությամբ, եւ դատարկ մեծամտությամբ, ինքնավստահությամբ, եւ աշխատելու անկարողությամբ»,- հայտարարեց Վարդանյանը:

Ավելի վաղ Աղվան Վարդանյանը նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստեղծված հանձնախումբը նախատեսում է հանդիպումներ մի շարք օղակների հետ։ 

Վարդանյանը հիշեցրեց նաև, որ Արցախի նախկին ու գործող նախագահները միջնորդությամբ հանդես եկան, որ Քոչարյանն ազատ արձակվի, նրանց հետ ոչ մի վատ բան չեղավ, եւ ՀՀ գործող նախագահը եւս այս առումով մտածելու բան ունի։

  • Կիսվել: