երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում, մենք իրական շանս ունենք՝ վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին. Թորոսյան

Պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում, մենք իրական շանս ունենք՝ վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին. Թորոսյան

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեմ փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, իսկ առնվազն 1 դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ի պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ կորոնավիրուսից մահացած 57 քաղաքացիներից յուրաքանչյուրը մեզնից որևիցե մեկի հայրն է, մայրը, քույրը կամ եղբայրը: Հիվանդության դեմ պայքարելու և միլիոնավոր մարդկային կյանքեր փրկելու համար բավականին սեղմ ժամկետում ստեղծվեցին պատվաստանյութերը: Պատվաստանյութերն ընդհանրապես մարդկության պատմության ընթացքում ամենաշատ մարդկային կյանքեր փրկած և փրկող գիտական հայտնագործությունն են, և դրանց պետք է վերաբերվել միայն այդպես: Եթե որևէ մեկը ձեզ որևէ այլ բան կասի պատվաստանյութերի վերաբերյալ, ապա նա դիտմամբ կամ անտեղյակությամբ խաբում է ձեզ»,-ասաց Թորոսյանը:

Նա հիշեցրեց՝ պետությունն ամբողջությամբ ապահովում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը:

«Եվ այժմ պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում, մենք իրական շանս ունենք՝ վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին: Պատվաստանյութը միակ զենքն է, որով հնարավոր է պայքարել այս հիվանդության ահագնացող դեպքերի և մահերի դեմ»,-ասաց պատգամավորը:

Ըստ վիճակագրության՝ աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսը լիարժեք պատվաստված է: Շատ երկրներում պատվաստվել է բնակչության 70  և ավելի տոկոսը: «ՀՀ-ում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, իսկ առնվազն 1 դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը, ինչը շատ հեռու է ցանկալի ծածկույթից, որ համավարակը համարենք հաղթահարված»,-նշեց Թորոսյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանի կարծիքով՝ մարդկանց չպատվաստվելու պատճառներից մեկը իշխանության նախաձեռնությունների նկատմամբ անվստահությունն է: «Կորոնավիրուսի դեմ պայքարը և պատվաստումների ցուցանիշները բարելավելու համար պետք է ռացիոնալ մոտենալ խնդրին, չընդունել անտրամաբանական որոշումներ: Եթե մարդը վարակվել է վիրուսով և բնական ճանապարհով ձեռք բերել հակամարմիններ, ապա որոշակի ժամանակ պետք չէ նրան ստիպել պատվաստվել»,-ասաց նա:

  • Կիսվել: