Պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախից. Մամիջանյան
Բրյուսելի վերջին հանդիպումներից հետո հրապարակված տեքստերում հիշատակում չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի մասին, ո՛չ գերիների, ո՛չ էլ Արցախի սուբյեկտայնության մասին։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վերջնականապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները զատվել են ղարաբաղյան հակամարտությունից։ Դա նշանում է, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախից, ու մենք դա թույլ տալ չենք կարող՛՛:
Մամիջանյանի խոսքով՝ պատերազմից հետո ՀՀ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի գնացել Արցախ, որովհետև եթե գնան Արցախ, ստիպված կլինեն թիկնապահներով շրջել այնտեղ Արցախում։ ՛՛Բայց իրականում չեմ հավատում, որ ամոթից չեն գնում, իրենց տերերը չեն թողնում, որ գնան՛՛,-տեսակետ հայտնեց նա:
Պատգամավորը նշեց, որ Փաշինյանն Արցախն արդեն վաճառել է ու հիմա Երևանի տարածքներն է վաճառում:
Խոսելով վերջին օրերին բարձրաստիճան զինվորական սպաներին ներկայացված մեղադրանքների մասին՝ նա ասաց ՛՛Ես մի խնդրանք ունեմ, պարոնայք սպաներ, խոսեք ու պատմեք, թե ինչ ապօրինի ու դավաճանական հրամաններ եք ստացել։ Ախր դուք թշնամուց չեք վախեցել, Նիկոլն ո՞վ է, որ իրենից վախենում եք՛՛: