կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Պարտիզանական հարվածն» ուղղված է եղել սահմանից այն կողմ թշնամիներին. ՀՅԴ-ական երիտասարդը՝ սկանդալային հայտարարության մասին

«Պարտիզանական հարվածն» ուղղված է եղել սահմանից այն կողմ թշնամիներին. ՀՅԴ-ական երիտասարդը՝ սկանդալային հայտարարության մասին

Եթե նման արտահայտություն անգամ եղել է, դա ուղղված է եղել մեր սահմանից այն կողմ թշնամիներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը՝ անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների հրապարակած նամակում տեղ գտած «պարտիզանական հարված» արտահայտությանը:

Արշակ Մեսրոպյանը վստահեցրեց՝ դա վերաբերել է սահմանից այն կողմ գտնվողս թշնամուն.

«Եթե նման արտահայտություն անգամ եղել է, դա ուղղված է եղել մեր սահմանից այն կողմ թշնամիներին։ Մենք չունենք ներքին թշնամի, որոնց դեմ պետք է նման գործունեությամբ զբաղվենք։ Չկա՛ նման բան։ Մեկ անգամ և ընդմիշտ պետք է վերջակետը դնենք այդ հարցի»:

Անդրադառնալով վերջերս ՀՅԴ-ից արտաքսված երիտասարդների մասին հարցին, Մեսրոպյանը նշեց.

«Բայց մի շատ մեծ «բայց» կա․ երբ ժողովն արդեն կայացնում է որոշում, այդ պահից հետո մենք բոլորս դառնում ենք մի զինվոր՝ այդ նպատակն իրագործելու մեջ։ Դա ներքին ժողովրդավարությունն է։ Եթե այդ որոշումից հետո ցանկացած ոք ուրիշ ուղղությամբ է գնում, գոյություն ունի կանոնագիր, և համապատասխան կետով իրենք արժանանում են համապատասխան պատժի»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ վստահեցրեց, որ երիտասարդներին կուսակցությունից հեռացնելու որոշումը կայացվել է ոչ թե այն բանի համար, որ նրանք չեն մասնակցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով անցկացվող ցույցերին, այլ որ հրապարակային քննադատել են կուսակցությանը, որն արգելված է ՀՅԴ կանոնագրով։

«Մեզ համար այդ կանոնագիրը, որին բոլորս ենթակա ենք։ Մեզ համար քննադատության տեղը ժողովն է, որտեղ կարող ենք ամենաբարձրագույն պաշտոնը զբաղեցնող դաշնակցականին հրավիրել և պատասխան պահանջել»,- հավելեց նա։

Հարցին՝ շարունակելո՞ւ են պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, դաշնակցական երիտասարդները դրական պատասխանեցին։

«Մեր վերջին գործողությունից հետո ոստիկանության կողմից կիրառվեց անհամատասխան ուժ։ Դրա միակ պատճառը և պատասխանատուն Արայիկ Հարությունյանն էր, ով պարզապես չգնաց հանդիպման, և, ինձ թվում է, առաջիկա շաբաթում մենք էլի կունենանք համապատասխան ակցիա, որի մասին կտեղեկացնենք»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

  • Կիսվել: