շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փարիզի քաղաքապետի հրավերով կայացել է համաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին

Փարիզի քաղաքապետի հրավերով կայացել է համաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ համաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին և ի աջակցություն ու համերաշխություն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի:

Համաժողովի բանախոսների շարքում էին հեղինակավոր պատմաբան, ցեղասպանագետ Վենսան Դյուկլերը, Փարիզի Քաղաքական գիտությունների Սիանս-Պո համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Էնսելը, հայտնի ֆրանսահայ պատմաբան Ռեյմոն Գևորգյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և այլք:

Համաժողովի ավարտին եզրափակիչ ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:

Կլոր սեղանի շուրջ քննարկման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց Հայոց ցեղասպանության անպատժելիության և ներկայումս Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակի պատճառահետևանքային կապը։ Շեշտվեց, որ թե՛ Հայոց ցեղասպանության և թե՛ Ադրբեջանի կողմից Արցախի 120 հազար հայ բնակչության շրջափակման հիմքում հայ ժողովրդի հանդեպ իրականացվող բացահայտ հայատյաց քաղաքականությունն է։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Փարիզի քաղաքային իշխանություններին՝ ի դեմս քաղաքապետ Հիդալգոյի, մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։ Նա հիշեցրեց, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Համաժողովին ներկա էին բազմաթիվ խորհրդարանականներ, օտարերկրյա դեսպաններ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։

  • Կիսվել: