շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երջանիկ եմ, որ այսօր մենք Երևանի հետ նոր ծրագրերի հիմքեր ենք դնում. Փարիզի քաղաքապետ

Երջանիկ եմ, որ այսօր մենք Երևանի հետ նոր ծրագրերի հիմքեր ենք դնում. Փարիզի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների ու ռեգիոնների հետ և այս համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի:

«Տիկին Իդալգո, տեղյակ եմ, որ բազմիցս եղել եք Երևանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ձեր առանձնահատուկ վերաբերմունքը մեր մայրաքաղաքի ու երկուստեք հարաբերությունների հարցում: Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) հետ գործակցության շրջանակում ունենք առաջընթաց և առաջիկայում նախանշում ենք նոր ծրագրերի իրագործում: Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել 2020 թ. պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած աջակցությա համար: Մենք մեծապես կարևորում ենք ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, և հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, մասնակցություն կունենամ նաև ես»,- ընդգծել է Երևանի քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցը նոր թափ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցության ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր հերթին նկատել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա է՛լ ավելի ընդլայնել համատեղ ծրագրերը:

«Երևանի և Փարիզի հարաբերությունները չափազանց սերտ են, և սա իմ երրորդ այցն է Երևան: Մենք արդեն իսկ ունենք շատ կարևոր ծրագրեր, որոնք դարձել են իրականություն. Երևանի ներշնչմամբ կարողացել ենք «Թումո» կենտրոն բացել նաև Փարիզում: Այսօր մենք նախանշում ենք նաև ավելի ընդլայնված գործակցություն, մասնավորապես՝ ժառանգության պաշտպանության հարցերով, և այս ուղղությամբ աշխատանքներին Երևանի մասնակցությունը ևս կլինի համապարփակ: Ես շատ եմ սիրում այս քաղաքը և երջանիկ եմ, որ այսօր մենք Երևանի հետ նոր ծրագրերի հիմքեր ենք դնում»,- ընդգծել է Փարիզի քաղաքապետը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրերի և նախանշված աշխատանքների իրականացման շուրջ:

  • Կիսվել: