երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Որոշումը կայացվել է՝ հետագա զարգացումների բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով. Ավինյան

Որոշումը կայացվել է՝ հետագա զարգացումների բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով. Ավինյան

Այն հայտարարությունը, որ համաձայնեցվել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև, ստորագրվել է մի պարզ պատճառով, և այդ պատճառներին անդրադառնալու համար ես չեմ անդրադառնա արցախյան հակամարտության 30-ամյա դիվանագիտական և ռազմական բոլոր խնդիրներին: Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա հավելեց. ՛՛Ես կսկսեմ այն կետից, որ կետից սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սկսեց հրթիռային և հրետանային հարվածների ենթարկել ամբողջ առաջնագիծը, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և վարչապետը Ազգային ժողովում շատ հստակ արձանագրեց, որ նախկինում բանակցված բոլոր փաստաթղթերով, առաջարկվող բոլոր լուծումներով իրեն առաջարկվում է մի տարբերակ՝ առանց նախապայմանների 7 տարածքների վերադարձ:

Կարծում եմ երեք խմբակցությունների կողմից էլ այդ առաջարկը մերժվեց, ընտրեցինք պատերազմելու ճանապարհը, արժանապատվորեն պատերազմելու ճանապարհը: Եվ ուզում եմ արձանագրել, որ 40 և ավելի օրերի ընթացքում անհամաչափ, անհամեմատելի ուժերի դեմ հայոց բանակը իրապես հերոսական կռիվներ է մղել: Ճակատում որևէ կետ չի եղել, որ հարաբերական հանգիստ լիներ, 100 քառակուսի մետր տարածություն չի եղել, որ հրետանային կամ հրթիռների հարվածների չի ենթարկվել՛՛:

Ըստ Ավինյանի, այնուամենայնիվ, այս օրերի ռազմական գործողությունների տրամաբանությունը բերեց մի հանգրվանի, որտեղ կար վտանգ Ստեփանակերտի նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման և կազմակերպվում էր Ստեփանակերտի պաշտպանությունը, որը իր հետևից կբերեր այլ պոտենցիալ խնդիրների Մարտունու շրջանում, Ասկերանի շրջանում և ռազմաճակատի մնացած հատվածներում:
 
՛՛Սա ցավալի և, կարելի է ասել, պարտադրված որոշում էր, որը վարչապետը կայացրել է՝ խորապես քննարկելով և՛ Գլխավոր շտաբի պետի հետ, և՛ պաշտպանության նախարարի հետ, Արցախի նախագահի հետ, այլ մարմինների ղեկավարների հետ, որոնք տիրապետում էին իրավիճակին: Այս որոշումը չի կայացվել հապճեպ, այնուամենայնիվ, այս որոշումը կայացվել է հետագա զարգացումների բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով:
 
Մենք պետք է գիտակցենք, որ այն ուժը, որին հայոց բանակը դիմակայել է, չի եղել միայն Ադրբեջանը: Դա եղել է թուրքական հրամկազմը, դա եղել են բերված ահաբեկիչները և անթիվ անսահման, զրահատեսակները, որոնք ուղղակի թափվել են Արցախի գլխին՛՛,-ասաց Ավինյանը:

  • Կիսվել: