երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Օդանավակայանի տարածքում տաքսիների հարցը կկարգավորվի. Կարգը խախտողները կտուգանվեն

Օդանավակայանի տարածքում տաքսիների հարցը կկարգավորվի. Կարգը խախտողները կտուգանվեն

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի օրակարգում էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» ու կից ներկայացված օրենքի նախագծերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասաց, թե տաքսոմոտորային փոխադրումներ իրականացնողների համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու, զբոսաշրջության տեսանկյունից հանրապետություն մուտք գործող ուղևորներին ու օտարերկրյա քաղաքացիներին մատուցվող տաքսոմոտորային փոխադրումների պատշաճ որակ ապահովելու նպատակով է մշակվել ներկայացվող նախագիծը:

«Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը. օդանավակայանի տաքսի-կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին ու տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ», - նշեց փոխնախարարը:

Նա ասաց, թե իրավախախտումների համար, եթե առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղիից փոխադրումներ իրականացնեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Բաբկեն Թունյանն էլ ասաց, թե միայն օդանավակայանի մասը կարգավորելուց բացի՝ ավելի ցանկալի կլիներ ամբողջական կարգավորում բերել ողջ տաքսի ծառայությունների մասով:

«Ես բավականին բողոքներ եմ լսել հենց օդանավակայան մտնող մարդկանց կողմից տաքսի ծառայությունների անկազմակերպ վիճակի հետ կապված ու, կարծում եմ, այս նախագիծը պետք է հաստատել», - ասաց պատգամավորը:

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, թե սովորական տաքսիով քաղաքացին կարո՞ղ է գալ օդանավակայան:

«Բա որ սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում», - հետաքրքրվեց պատգամավորը՝ նշելով, թե արդյոք խախտումների համար 50 հազար դրամ տուգանքը քիչ չէ:

«Թող շատ լինի, որ ընդհանրապես չանեն», - ասաց նա:

Արմեն Սիմոնյանն էլ ասաց, թե պետք է ունենալ օդանավակայանի համար նախատեսված «Ա» տեսակի լիցենզիա: Ինչ վերաբերում է տուգանքը շատացնելուն՝ նա ասաց, որ կարող են երկար քննարկում ունենալ այդ մասին, կոնկրետ առաջարկ թող ներկայացվի, քննարկեն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը չհամաձայնեց Աղազարյանի հետ:

«Իրականում, օրինագիծը շատ կարևոր է, շատ ողջունելի է, որ կանոնակարգվում է: Ինչ վերաբերում է տուգանքներին՝ 50 հազարը անգամ ավելին է, որովհետև այն վարորդը, որը պետք է օդանավակայանից տանի, չեմ կարծում, որ պատրաստ կլինի այդ տուգանքը վճարելուն, պետք է դադարեցնել ՀՀ քաղաքացուն ու, առհասարակ, տնտեսվարողներին որպես տուգանքի միջոց դիտարկելը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Փոխնախարարն էլ նշեց՝ տուգանքը պետք է լինի նախազգուշացնող միջոց, այլ ոչ թե պատիժ, որի տակից հնարավոր չի լինի դուրս գալ:

«50 հազար դրամը, կարծում եմ, բավականին բալանսավորված սահմանաչափ է», - ասաց Արմեն Սիմոնյանը:

Նա նշեց նաև, որ նախագիծը չի վերաբերում օնլայն տաքսի ծառայություններին:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 3 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայն:

  • Կիսվել: