- հունիս 26, 2026 23:09
Հայազգի դերասան Ջո Մանգանիելոն կհրապարակի հուշագրություն իր հայկական արմատների մասին
Ամերիկացի հայազգի դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Ջո Մանգանիելոն հայտարարել է իր Bloodlines («Տոհմաբանություն») հուշագրքի լույսընծայման մասին։
Գիրքը կհրատարակվի 2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Avid Reader Press հրատարակչության կողմից, և, հրատարակիչների խոսքով, կլինի «խորապես անձնական և հուզական մեծ ընդգրկում ունեցող պատմություն»։
Իր հուշագրքում Մանգանիելոն կպատմի ծանր աուտոիմուն հիվանդությունների դեմ իր պայքարի, ինչպես նաև սեփական ընտանիքի պատմության որոնումների մասին, որոնք նրան հասցրել են մինչև այն նախնիներին, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը, և օգնել են գիտակցել ժառանգական տրավմայի ազդեցությունը հետագա սերունդների վրա։
Դերասանի մեծ տատը՝ Թերվիզ Դարակջյանը, հրաշքով փրկվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Այդ ողբերգության ընթացքում նա կորցրել է ամուսնուն և ութ երեխաներին, սակայն կարողացել է ողջ մնալ և պահպանել իր ընտանիքի պատմությունը։
Ջո Մանգանիելոն բազմիցս խոսել է իր հայկական արմատների մասին, այցելել է իր նախնիների պատմական հայրենիքը և բացահայտ ընդգծել հիշողության ու ընտանեկան պատմության պահպանման կարևորությունը։



