Տարածաշրջանի անվտանգությունը չի կարող ապահովվել արտաքին միջամտությամբ. Իրանը՝ ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի կայուն անվտանգությունը հնարավոր չէ ապահովել արտաքին ուժերի միջամտությամբ, գրում է parstoday.ir-ը:
Իրանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հունիսի 25-ին հրապարակված համատեղ հայտարարության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ ՝ այն որակելով որպես միջամտող, անպատասխանատու և լարվածությունը խթանող փաստաթուղթ։ Թեհրանը նաև նախազգուշացրել է տարածաշրջանում թշնամական և միջամտողական քաղաքականության շարունակման հետևանքների մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի հայտարարած «Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների անվտանգության նկատմամբ անսասան հանձնառությունը» իրականությանը չի համապատասխանում և ընդամենը քաղաքական հռետորաբանություն է։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում դարձել է տարածաշրջանի ժողովուրդների համար լրացուցիչ բեռ և նպաստում է անվստահության ու պառակտման խորացմանը։
Իրանական կողմը նաև պնդում է, որ վերջին ռազմական բախումների ընթացքում ԱՄՆ-ն օգտագործել է տարածաշրջանում տեղակայված իր ռազմաբազաներն ու ռազմական ենթակառուցվածքները՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար, ինչը, ըստ Թեհրանի, վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի կարևորում տարածաշրջանային երկրների անվտանգությունն ու փոխադարձ հարաբերությունները։ Այդ համատեքստում Իրանը կոչ է արել այն երկրներին, որոնց տարածքն ու հնարավորությունները, իր պնդմամբ, օգտագործվել են Իրանի դեմ հարձակումների նպատակով, վերանայել իրենց մոտեցումները։
Հայտարարության մեկ այլ հատվածում Իրանի ԱԳ նախարարությունը մերժել է իր խաղաղ նպատակներով իրականացվող միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի մեղադրանքները՝ դրանք անվանելով կեղծ և անհիմն։ Թեհրանը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին առաջարկել է ոչ թե աջակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ սպառնալիքների մասին հռետորաբանությանը, այլ համագործակցել Իրանի հետ՝ Արևմտյան Ասիան միջուկային զենքից զերծ գոտի դարձնելու նախաձեռնության իրականացման ուղղությամբ և նպաստել, որպեսզի ԱՄՆ-ն չխոչընդոտի այդ գործընթացին։
Իրանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր են միայն տարածաշրջանի պետությունների միջև փոխադարձ վստահության և համագործակցության միջոցով՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Միաժամանակ Թեհրանը հայտարարել է, որ «Իրանից բխող սպառնալիքների» մասին ձևակերպումը տարիներ շարունակ օգտագործվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ Իրանի նկատմամբ վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով։



