Հորմուզի նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար. ԻՀՊԿ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար: Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA-ն։
Նշվում է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն անընդունելի և խիստ վտանգավոր են համարել Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին՝ ընդգծելով, որ այն ներդրվել է առանց Իրանի իշխանությունների իմացության կամ նրանց հետ համակարգման:
Հայտարարության մեջ զգուշացվել է, որ նշանակված երթուղիներից դուրս շարժվող ցանկացած առևտրային նավ կմտնի արգելված և պոտենցիալ վտանգավոր տարածքներ։
Բացի դրանից, նշվել է նաև, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հետ համակարգումը պարտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար և պետք է իրականացվի ռադիոկապի միջոցով։
Այդ կանոնակարգերը խախտող ցանկացած նավ, ըստ ԻՀՊԿ-ի, կբախվի համապատասխան գործողությունների։



