հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Նիկոլ Փաշինյանը ընտրել է Հայաստանի nչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին․ Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը ընտրել է Հայաստանի nչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին․ Զուրաբյան

Նիկոլի պրոպագանդիստները հիմա էլ մեղադրում են Հայ Ազգային Կոնգրեսին, որ մենք, մաս կազմելով Ալիևի պահանջած նոր սահմանադրության ընդունման դեմ համախմբմանը, իբր պաշտպանում ենք 2015 թվականի կեղծիքներով անցկացված սահմանադրությունը, որի ընդունման դեմ ինքներս պայքարել ենք: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Իսկ իրականությունը հետևյալն է:

1. Մենք հիմա էլ ենք համարում, որ 2015 թվականի սահմանադրությունը ընդունվել էր, որպեսզի թույլ տա օրվա իշխանություններին խորհրդարանական կառավարման անցնելով, շրջանցել նախագահության երրորդ ժամկետի արգելքը:

2. Հայ Ազգային Կոնգրեսը այն ժամանակ գլխավորեց «Ոչ»-ի շարժումը, միայնակ ստեղծեց «Ոչ»-ի շտաբը, որի պետն, ի դեպ, ես էի, և շռնդալից հաղթանակի հասավ, քանի որ ապացուցված կես միլիոն ձայն կեղծելու շնորհիվ էր միայն, որ իշխանությունները կարողացան անցկացնել սահմանադրական փոփոխությունները:

3. Նորահայտ այս քարոզիչների կուռք Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ աջակցեց օրվա իշխանություններին, հայտարարելով մեր պայքարը «ընդդիմադիր կեղծ օրակարգ»:

4. Առաջին գործը, որ մենք կնախաձեռնենք, երբ գանք իշխանության, կլինի նախագահական-խորհրդարանական սահմանադրական կառավարման մոդելի վերականգնումը:

5. Եթե Նիկոլ Փաշինյանը նախաձեռներ նման սահմանադրական փոփոխություն` առանց սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը ջնջելու մտադրության, այսինքն` դիմադրեր հայոց պետականությունը ոչնչացնելու Ադրբեջանի փորձերին, մենք այսօր կլինեինք սահմանադրական բարեփոխման նրա ճամբարում:

6. Բայց Նիկոլ Փաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին: Ադրբեջանի թելադրանքով նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդավարական ազատություններին, ազգային ինքնությանը և Հայ Առաքելական Եկեղեցուն:

7. Առ այսօր ոչ ոք չգիտի, թե բացի Անկախության հռչակագրի հղումը հանելուց, է´լ ինչ է ուզում փոխել Սահմանադրության մեջ Նիկոլ Փաշինյանը: Նա երբեք չի ներկայացրել այն թերությունները, որոնք պետք է շտկվեն: Եթե առաջներում ինչ-որ սահմանադրական հանձնաժողովներ և խորհուրդներ էր ստեղծում, որոնց մշակած բոլոր փաստաթղթերն այդպես էլ չդարձան քննարկման առարկա և մոռացության մատնվեցին, ապա հիմա սահմանադրական նախագծի մշակման գործընթացը ձեռք է բերել գաղտնի գործողության բնույթ:

8. Եթե միակ խնդիրը, որ ցանկանում է լուծել Նիկոլ Փաշինյանը, դա սահմանադրության լեգիտիմորեն` առանց կեղծիքների, ընդունելու խնդիրն է, ապա դա ուղղակի նշանակում է, որ նա ցանկանում է լեգիտիմացնել 2015 թվականի սահմանադրությունը և ունենալ նույն կամ ավելի մեծ վարչապետական լիազորություններ, ընդ որում` առանց ժամկետային սահմանափակման:

Խնդիրը, հետևաբար, մեծ բաժանումն է`

կամ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին` Հայաստանում հաստատել հայոց պետականության ոչնչացման ծրագիր իրագործող հակազգային բռնապետություն,

կամ ընտրում ես հայոց պետականության և ժողովրդավարության ամրապնդման միջոցով խաղաղության հաստատման և զարգացման ճանապարհը:

Ընտրությունը քո´նն է»,-գրել է նա։

  • Կիսվել: