կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանաթուրքական զորավարժությունների վերաբերյալ

Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանաթուրքական զորավարժությունների վերաբերյալ

Ռուսաստանը հայտնել է Բաքվին իր դիրքորոշումը Լաչինում սեպտեմբերի 6-ին մեկնարկած ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Մոսկվան վերաբերվում ադրբեջանա-թուրքական սադրիչ զորավարժություններին. ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Լաչինում չե՞ն խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորամիավորում:

«Ռուսաստանը հասցրել է իր դիրքորոշումը պաշտոնական Բաքվին: Այդ դիրքորոշումը ըմբռնումով է ընդունվել ադրբեջանցի գործընկերների կողմից», - պատասխանել է Զախարովան՝ հավելելով, թե ձեռնպահ կմնա այդ հարցի վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններից:

«Մենք շփման մեջ ենք ադրբեջանցի գործընկերների հետ», - հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները Լաչինի շրջանում մեկնարկել էին սեպտեմբերի 6-ին: Դրանց նպատակը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության, «ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի և թուրք զինվորականների համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը»: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը այդ կապակցությամբ հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:

 

  • Կիսվել: