Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է գերիների հարցը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է հայ ռազմագերիների հարցին: Նախ Տաթևիկ Հայրապետյանը ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահի տիկնոջ միջև խոսակցությունը:
«Շատ շնորհակալ ենք, բայց ես ցանկանում են ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության: Ես ցանկանում եմ ասել, որ խաղաղությունը զուտ գեղեցիկ բառ չէ, մենք արժևորում ենք խաղաղությունն ավելի, քան ցանկացած այլ ժողովուրդ, քանի որ մենք գիտենք, թե ինչ է դա՝ կորցնել թանկ մարդկանց, լինել պատերազմի մեջ, բայց խաղաղությունը ենթադրում է գործողություն, համառ աշխատանք, իսկ խաղաղության ադրբեջանական ձևը նշանակում է՝ ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք, գերի պահել հայ ռազմագերիներին, պետական մակարդակով ապամարդկայնացնել հայ ժողովրդին, իսկ հետո գալ այստեղ և գեղեցիկ ձևով խոսել խաղաղության մասին: Ադրբեջանցի գործընկերներ, եթե խաղաղություն եք ուզում, վերադարձեք ձեր երկիր և հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին գործել համաձայն միջազգային իրավունքի՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից: Մենք պատերազմ չենք ուզում, ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն՝ գործե՛ք»,-նշել է պատգամավորը: