հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցություն են հիմնադրել. նախագահ է ընտրվել Թանդիլյանը

Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցություն են հիմնադրել. նախագահ է ընտրվել Թանդիլյանը

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել։ «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին։ 

Կուսակցության հիմնադիրներն են Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։

«Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի հասարակություն կունենանք, ինչպիսի հայրենիք ու ինչպիսի երկիր։ Մենք ուզում ենք ունենալ ապրելու երկիր։ Վստահ ենք, որ ունենք նվիրում պետության ու հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել ապրելու երկիր կառուցելու համար», - նշել Մեսրոպ Առաքելյանը։

Առաքելյանն անդրադարձել է կուսակցության հռչակագրում ամրագրված դրույթներին.

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է հանձնառություն ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում»։

Մեսրոպ Առաքելյանի հավաստմամբ՝ այս առաջնահերթություններին հասնելու և իրապես ապրելու երկիր կառուցելու հիմքում պետք է ընկած լինի հայրենիքին նվիրումը, պրոֆեսիոնալիզմը և գործունակությունը։

«Ապրելու Երկիր» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ՝ համադրելով մեր հռչակած նպատակները և ձգտելով ավելի մեծ համախմբման։ Շնորհակալ ենք «Ապագա հայկականը» նախաձեռնողներից որակապես այլ միջավայրի ձևավորման համար, որն առկա վստահության խորը ճգնաժամի պայմաններում ստեղծում է անտարբերությունը կոտրելու հնարավորություններ»,- նշեց Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության համաժողովի ընթացքում ընդունվել է կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի է ունեցել կուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընրություն։

Կուսակցության նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը։ 

  • Կիսվել: