երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է․ Մարուքյան

Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է․ Մարուքյան

Ես մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չի ունենալու մեզ համար, որովհետև մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում։ Այս մասին իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Վերջինս նշեց՝ ակնհայտ է, որ իրենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է։

«Մենք պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենք՝ հանուն ավելի մեծ ճշմարտության, ավելի մեծ արժեքի, որը մեր պետությունն է, պետականությունն է»,-ասաց վարչապետի թեկնածուն։

Ըստ Մարուքյանի՝ ընտրությունների քարոզարշավի ընթացքում բառապաշարն է շատ վատ եղել։

«Այդ իմաստով բավականին բարձր էր թե՛ ատելության քարոզչությունը, թե՛ բռնության։ Այսօր ընտրատեղամասերում մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ չի կարողանալու ինչ-որ ուժ ասել, որ միայնակ հաղթել է, և գալու ենք մեր այն գաղափարին, որ պետք է բոլորով նստենք մեկ սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն։ Միայն այս պարագայում է, որ կկարողանանք այս վիճակից դուրս գալու ելքեր գտնել»,-ասաց նա։

  • Կիսվել: