երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք անկասկած անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար. Քոչարյան

Մենք անկասկած անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը խոստանում է ատոմակայանի կյանքը երկարաձգելու համար անել հնարավոր ամեն ինչ: Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մեծամորում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Մենք ունեցել ենք մի խայտառակ վիճակ՝ կուտակված պարտքեր գազի դիմաց, հոսանքի դիմաց 1998 թվականին: Էներգետիկայի ամբողջ համակարգը մենք բերել ենք առողջ վիճակի մոտ 1-1.5 տարվա ընթացքում»,-ասաց Քոչարյանը:

Խոսելով ատոմակայանի մասին՝ նա նշեց, որ Հայաստանը պարտավորվել է փակել ատոմակայանը դեռ 1995 թվականին: «Հրազդանի 5-րդ բլոկը սկսեց վարկավորվել՝ այն պայմանով, որ դա կառուցվում է, ատոմակայանը պետք է փակվի: Այդ ժամանակ ես ուղղակի պրոցեսը դադարեցրել եմ, 5-րդ էներգաբլոկը կոնսերվացիայի ենք ենթարկել, չինացիների հետ հասել ենք նրան, որ ատոմակայանը փակելն օրակարգից հանել ենք ԵՄ-ի հետ: Բավականին լուրջ ծախսեր են արվել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Քոչարյանը:

Նա հավելեց՝ շատ հավանական է, որ ատոմակայանը փակված կլիներ շատ վաղուց:

«Մենք անկասկած անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար: Հասկանում ենք, որ այս քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ»,-ասաց նա՝ դիմելով մեծամորցիներին:

  • Կիսվել: