կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Մարդիկ չեն գնացել ընտրատեղամասեր, որ այս ամբիոնից ատելության խոսք տարածենք. Ալեն Սիմոնյան

Մարդիկ չեն գնացել ընտրատեղամասեր, որ այս ամբիոնից ատելության խոսք տարածենք. Ալեն Սիմոնյան

Խորհրդարանում շարունակվում է ութերորդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկի նիստը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանին ներկայացրեց խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը: Նրա ելույթի ժամանակ ընդդիմադիր խմբակցությունները դուրս եկան նիստերի դահլիճից:

ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին` սկզբունքներին ու թիմին հավատարիմ մնալու համար: Նրա խոսքով` խորհրդարանն աշխատելու է հայ ժողովրդի համար դժվար ժամանակահատվածում, որը շատ մեծ պատասխանատվություն է ենթադրում: Ըստ Սիմոնյանի` չնայած հայաստանյան ներքաղաքական կյանքում բազմաթիվ հակասություններ կան, սակայն պետք է վերահաստատել, որ իշխանությունը ՀՀ-ում թշնամիներ չունի ու չի կարող ունենալ:

«Խորհրդարանը մարդկանց համար ամենակարևոր չափորոշիչներից է բոլոր առումներով, մարդիկ իրենց սպասումներն առաջին հերթին մեզ հետ են կապում, այս թիվ մեկ քաղաքական ամբիոնի հետ, և մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնել: Թշնամանքն ու ատելությունը պետք է դուրս մղվեն այս շենքից և մեր առօրյայից, մարդիկ չեն գնացել ընտրատեղամասեր, որ այս ամբիոնից ատելության խոսք տարածենք»,- ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում պարտավոր եմ անել հնարավորն ու անհնարը` խորհրդարանի անխափան գործունեությունն ապահովելու համար:

 

  • Կիսվել: