չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ֊ին ու Իրանին թույլ չտալ Պարսից ծոցում նոր պատերազմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ֊ին ու Իրանին թույլ չտալ Պարսից ծոցում նոր պատերազմ

ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն , որպեսզի թույլ չտան Պարսից ծոցում նոր պատերազմ: Այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Նա անդրադարձել է հունվարի 3-ին Բաղդադում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը և դրան հաջորդող զարգացումներին։

 
«Այս պահին առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն։ Աշխարհը չի կարող թույլ տալ, որ նոր պատերազմ լինի Ծոցի տարածքում»,- ասել է Գուտերեշը։
 
Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:
 
Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։
 
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է.

 

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։

  • Կիսվել: