Լուրերը, թե իշխանություններն ու Գորիսի քաղաքապետը ինչ-որ պայմանավորվածության են եկել, սուտ են․ ՔՊ պատգամավոր
Գորիսում արդեն մի քանի շաբաթ է տեղեկություններ են տարածվում այն մասին, թե Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանության հետ, որ եթե ինչ-որ հրաշքով Առուշն այս ընտրությունները հաղթի, ապա նրան ազատ են արձակելու։ Դրա դիմաց նա էլ հրաժարական է տալու։
Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա հավելեց․ «Ուզում եմ պաշտոնապես հերքել այս տեղեկությունը, նման պայմանավորվածություն չկա և լինել չի կարող։ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած մեկը, ով կատարում է հանցագործություն, կրելու է դրա համար սահմանված պատիժ»։
Հիշեցնենք, որ Գորիս քաղաքում ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 17-ին։ Ընդ որում՝ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հուլիսի 16-ից կալանքի տակ է։ Նա մեղադրվում է քվեարկության գաղտնիքը խախտելու եւ ընտրական իրավունքի իրականացմանը խանգարելու մեջ։


