երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԼՀԿ-ն առաջարկում է համերաշխության իր օրակարգը․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ-ն առաջարկում է համերաշխության իր օրակարգը․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ-ն շատ լավ ծրագիր է կազմել, բայց անհնար համարեց այդ ծրագիրն իրականացնելը՝ որոշ քաղաքական ուժերի, գործիչների ատելության խոսքի պայմաններում: Այս մասին այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ քարոզարշավի շրջանակում Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Վերջինս դժգոհեց քաղաքական ուժերի կողմից տարածվող ատելության  խոսքից, առաջարկեց համերաշխության իր օրակարգը՝ հունիսի 21-ից հետո ձևավորել միասնական կառավարություն: 

 Մարուքյանի խոսքով՝ դա փոխանցվում է այդ ուժերի աջակից քաղաքացիներին, ոմանք ԼՀԿ-ի քարոզարշավի ժամանակ անեծքներ են հնչեցնում պատուհաններից, վառում են կուսակցության բուկլետները: ԼՀԿ-ն հունիսի 21-ին բախումների վտանգ է տեսնում:

«ԼՀԿ-ն եկել է՝ իր համերաշխության օրակարգով: Հունիսի 21-ից հետո Հայաստանում պետք է ձևավորվի միասնական ճակատ, միասնական կառավարություն՝ ընդդեմ մեր մարտահրավերների, ոչ թե ընդդեմ իրար, ընդդեմ մեկս մյուսիս ոչնչացնելու: Մենք այնքան խնդիրներ, մարտահրավեր ունենք, որ դրանք ավելի մեծ են, քան մեծ բյուջեն, մեր հնարավորությունները: Հետևաբար` մեզ պետք է այս փոքր երկրում պառակտված հասարակությանը համախմբել, այլապես ոչ մի լավ բան հնարավոր չի լինելու անել: Դրա համար ԼՀԿ-ն մի կողմ է  դրել իր բոլոր տարաձայնությունները՝ բոլոր ուժերի հետ, և  պատրաստ է իրականացնել ծրագրեր, բոլորի լավ ծրագրերն էլ պետք է իրականացնել, բայց համախմբելու միջոցով»,-ասաց նա:

Ըստ ԼՀԿ-ի տեսլականի՝ լավ քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, պրոֆեսիոնալները, մասնագետները պետք է ներգրավվեն կառավարությունում, մասնագետների կառավարությունը երկիրը պետք է հանի ստեղծված իրավիճակից: Ըստ ԼՀԿ-ի՝ խորհրդարանում պետք է մշակվի քաղաքականություն, ծրագրեր, գործադիր իշխանությունում ներգրավված պրոֆեսիոնալ մարդիկ էլ իրականացնեն դրանք:  

  • Կիսվել: