ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: , ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում:
«Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ռուսական աջակցությունը բարձր են գնահատում հայ բարեկամները»,- պարզաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով՝ ռուս-հայկական հարաբերությունները ստուգված են ժամանակով․
«Ես կասկած չունեմ, որ նրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով»,- ասել է Լավրովը:
Լավրովն ընդգծել է՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին․
«Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը ռազմական դիմակայության դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը»: