հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով․ «Ժողովուրդ»

Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքից։

 

Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը Քննչական կոմիտե է հրավիրել Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվող հինգ անձանց և միջադեպին առնչվող միակ կին վկային՝ Կոնջորյանի գործողությունների վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով։ Սակայն հրավիրված անձինք հրաժարվել են ցուցմունք տալ ԱԺ փոխնախագահի եղբոր դեմ։ Ինչպես կասեր նախկին ոստիկանապետը՝ «գողական են գնացել» և ցուցմունք չեն տվել։
Հիշեցնենք՝ հուլիսի 24-ի գիշերը Աբովյանում՝ իր տան մոտ, Ավետ Կոնջորյանը ծեծի էր ենթարկվել, ինչի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Միջադեպին նախորդել էին շինարարական ընկերության շուրջ Կոնջորյանի և Չարենցավանի ավագանու ՔՊ-ական անդամի միջև տարաձայնությունները, որոնք լարել էին հարաբերությունները։

 

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով հինգ անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էին բացակայելու արգելքը և 2 միլիոն դրամ գրավը։
Սակայն հետագայում պարզվել էր, որ ծեծին նախորդել է մեկ այլ միջադեպ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում գործով մեղադրյալներից մեկի տան մոտով, հայհոյանքներ հնչեցնում և, ըստ տեսանյութի, սպառնում՝ օգտագործելով «գյուլլել» արտահայտությունը։

 

Դեպքերի զարգացումներից հետո աշխատանքից ազատվել էր Չարենցավանի պարեկային ծառայության աշխատակիցը, իսկ Ավետ Կոնջորյանի գործողությունների առնչությամբ խուլիգանության հատկանիշներով առանձին քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում են նրա դեմ ցուցմունք տալուց։

Արդյոք նրանց նկատմամբ ճնշումներ եղել են, և ի՞նչ ընթացք կունենա ԱԺ փոխնախագահի եղբոր վերաբերյալ վարույթը, դեռ վաղ է ասել։ Ինչու, որովհետև կասկածելի է՝ նախաքննական մարմինը կհաջողեցնի՞ ապահովել գործի բազմակողմանի քննությունը, թե՞ վկաների հրաժարումը կհանգեցնի Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը։

 

Հիշեցնենք՝ «գյուլլել» բառի վրա էր կառուցված Բագրատ Սրբազանի և 15 անմեղների գործը, որոնք բոլորը տարբեր ժամկետներով ազատազրկվեցին, իսկ դատական գործը դեռ շարունակվում է»։

  • Կիսվել: