երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԼՂ հիմնախնդիրը միջազգայնանում է կրկին. Ռուբեն Ռուբինյան

ԼՂ հիմնախնդիրը միջազգայնանում է կրկին. Ռուբեն Ռուբինյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացած նիստին, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը:

«Կարծում եմ՝ շատ հաջող նիստ էր, ըստ էության բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարի, և Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի և Արցախի միջև»,- ասաց Ռուբինյանը:

Լրագրողները մեջբերեցին Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը, որտեղ նա պնդում էր, թե Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը: Ի՞նչ նկատի ուներ նա՝ հարցրին Ռուբինյանին. «Նկատի ունի Ռուսաստանին: Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Կոնկրետ այս դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ում էր դա ասում, դրա համար երևի ուղիղ չասեց, որ Ռուսաստանին են մեղադրում: Այլ հարթակներում նրանք բացեիբաց դա ասում են, բայց դա, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակել է Ադրբեջանը»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանը նշեց, որ պետք է հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ:

«Երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումն իրապես մեծացել է ու մեծանում է: ԼՂ-ն և ԼՂ հիմնախնդիրը միջազգայնանում են կրկին, դա հենց Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Դուք տեսաք, որ բոլոր երկրների ներկայացուցիչներն օգտագործում էին ԼՂ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների, բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կարևորությունը և դրա մեջ պարփակված պայմանավորվածությունների պահման կարևորությունը, բոլորը ֆիքսում էին Լաչինի միջանցքը և դրա կարգավիճակը, պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանը ճիշտ չհամարեց 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային հանրության հնչեցրած կոչերը համեմատել վերջին օրերին միջազգային հանրության կոչերի հետ. "Այս համատեքստում եւ նաեւ սեպտեմբերին Հայաստանի դեմ ուղղված ագրեսիայի համատեքստում այդ կոչերը շատ ավելի հստակ են, հասցեական են եւ շատ ավելի կոշտ են: Մենք պետք է փորձենք միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորինս մեծացնել": 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: