կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կոմպլեմենտարիզմը կատաստրոֆիկ սխալ է Հայաստանի համար. Փաշինյան

Կոմպլեմենտարիզմը կատաստրոֆիկ սխալ է Հայաստանի համար. Փաշինյան

Իմ կարծիքով, կոմպլեմենտարիզմը կատաստրոֆիկ սխալ է Հայաստանի համար: Եվ այդ սխալը նոր չէ, այդ սխալը նույնիսկ 30 տարվա չէ, այդ սխալը նույնիսկ 100 տարվա չէ, այդ սխալը շատ ավելի հին է: Այս մասին Ֆրանս Պրեսին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանի արտաքին քաղաքականության երկարամյա պարադիգմը կոմպլեմենտարիզմն էր Արևմուտքի և Ռուսաստանի միջև, բայց ուկրաինական պատերազմից հետո տեղի են ունեցել իրավիճակի մեծ փոփոխություններ:

Խոսելով այն մասին, թե հիմա երկրները դժվար թե կարողանան լավ հարաբերություններ պահպանել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ, ի՞նչ ազդեցություն սա ունի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա՝ Փաշինյանն ասել է. ՛՛Չստացվի, որ հանկարծ ես նախորդ կառավարություններին եմ քննադատում, կամ որևէ մեկին քննադատում եմ, որովհետև տեսեք՝ ինչ է, նաև Ձեր հարցի մեջ ամբողջ կոնտեքստն այն է, թե Հայաստան ինչպե՞ս է ապրելու Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: Իսկ, կներեք, մենք իրականում Ռուսաստանի և Արևմուտքի արանքում չենք, մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք: Եվ իրականում տարածաշրջանի երկրները մեկը մյուսի արանքում են:

2021 թվականի ընտրություններին կառավարության մեր ծրագրում մի դրույթ է արտահայտվել, որը կոչվում է տարածաշրջանացում: Փորձն ի՞նչ է ցույց տալիս, մեր պատմությունը, էլի եմ ասում՝ սա 10, 20, 30, նույնիսկ 40 տարվա մասին չէ, սա հարյուրամյակների մասին է: Մենք այստեղ ենք ապրում, մենք Ռուսաստանի և Ամերիկայի արանքում չենք ապրում: Ռուսաստանի և Ամերիկայի արանքում ապրում է Եվրոպան: Մենք ապրում ենք Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջավայրում: Եվ հարցը հետևյալն է՝ մենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ պետք է կառավարենք, կներեք, Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջոցո՞վ: Պարադիգմի առումով՝ ոչ, բայց գործնական առումով մենք այդ քաղաքական ավանդույթը չունենք:

Մեր այսօրվա ամբողջ պրոբլեմը խորքի մեջ այնտեղից է գալիս, որովհետև ի՞նչ պետք է անել, և սա ինձ էլ է վերաբերվում, որովհետև այստեղ կան պատմական, սոցիալ-հոգեբանական շատ տարբեր շերտեր, որը նույնիսկ իշխանություն և մանդատ ունեցող անհատի մակարդակում լուծվող հարց չէ: Այս նույն պրոբլեմը նրա մասին չէ, որ ես թոթափել եմ այն: Սա այս կարգավիճակում նստած ցանկացած մարդու պրոբլեմ է վերջին մի քանի 100 տարում, էլ չեմ ուզում ասել՝ ավելի խորը, խոսքը Հայոց պետականության մասին է:

Երբ մենք հարց ունենք մեր միջավայրի հետ, մեր առաջին ռեակցիան ի՞նչ է, որ տեսնենք ի՞նչ կարող է անել Մոսկվան, ի՞նչ կարող է անել Բրյուսելը, ի՞նչ կարող է անել Վաշինգտոնը: Իհարկե, այս ընթացքում մայրաքաղաքները գուցե փոխվել են, անունները, պատմական երկար ժամանակաշրջանում: Եվ մենք սա գիտակցում ենք, բայց մեր կյանքում էլ բան չի փոխվել, որովհետև այդ կուլտուրան մեր մոտ էլ չկա, այնտեղ էլ չկա: Եվ մեր մոտ չկա պատմական որոշակի ավանդույթի բերումով, իրենց մոտ էլ չկա պատմական որոշակի ավանդույթի բերումով:

Երբ գալիս է պահը, որ կա հնարավորություն կամ գուցե գիտակցություն, որ պետք է այլ պարադիգմով լուծել հարցերը, ուրիշ տրամաբանություն է առաջ գալիս մեր միջավայրում, դուք եկել եք մեզ հետ հարց լուծելո՞ւ, այդ դուք չէի՞ք, որ մեզ վրա Վաշինգտոն, Մոսկվա ու Բրյուսել էիք բերում երկար ժամանակ: Հիմա դե եկեք: Այսինքն՝ դուք խոսեցիք պարադիգմի մասին, մեր պարադիգմը Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում չէ:

Բայց, մյուս կողմից, 21-րդ դարում և նույնիսկ 19-րդ դարում էլ հնարավոր չէր աշխարհաքաղաքական կենտրոնների շրջանցումով քաղաքականություն վարել, և խելամիտ էլ չէ ու պետք էլ չէ: Այստեղ խնդիրն այն է, որ հիմա մենք այդ անունը փորձում ենք փոխել, դեռևս անունը, որ մենք ասում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն պետք է վարենք: Եվ նաև մենք չենք ուզում, որ մեր այս նոր պարադիգմը, որը դեռևս տեսություն է, ուղիղ ասում եմ, որ գիտակցելով դեռևս չենք կարողանում իրագործել: Մեր պատճառով, որովհետև ուրիշ բան է՝ դու գիտես ի՞նչ է պետք անել, ուրիշ բան է, որ ավանդույթն այդպիսին չէ:

Բայց և մյուս կողմից այս քաղաքականությունը չպիտի ընկալվի որպես աշխարհաքաղաքական կենտրոնների արհամարհման կամ շրջանցման քաղաքականություն: Բայց մենք նաև փորձում ենք քայլեր անել: Այն, որ ես մասնակցեցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը` Հայաստանում և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ ունեցավ: Այդ դրական և բացասական արձագանքներն այս ողջ թնջուկի արտահայտումն են: Եվ խնդիրը հետևյալն է, թե ինչքանո՞վ այդ պարադիգմի մասին խոսելիս կրկին կլինենք ոչ թե մենախոսության, այլ համագործակցության ժանրում, որովհետև սա ոչ մեկի համար հեշտ չէ: Ընկալել և արձանագրել, որ այս տարածաշրջանում, օրինակ, այս քաղաքական քարտեզը պետք է հարյուրամյակներով շարունակի գոյություն ունենալ, ոմանք այս նախադասությունը ձևակերպում են հարցականով, ոմանք անկեղծ ուզում են գտնել հիմնավորումներ, որ այս քաղաքական քարտեզի գոյությունը կարող է բխել տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և չհակասել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից: Ես, օրինակ, այս երկրորդ համոզմունքի կրողն եմ, բայց դա քիչ է՛՛:

  • Կիսվել: