«Կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանային նոր իրողությունները»․ Ադրբեջանի ԱԳՆ
«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանային նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքներն ու սկսել սահմանային դելիմիտացիայի բանակցությունները», - իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաեւան։
«Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը: Վճռակա՛ն պատասխան կտրվի մեր տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլի», - հավելել է Աբդուլլաեւան։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։


