Խիստ պատժաչափեր` հանրային անձին հայհոյելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում տուգանքով պատժել:
Ըստ նախագծի` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):
Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ):
Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Նշվում է նաև, որ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Նախագծերի փաթեթը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ում խոսքով պետք է վիրավորանքից տարբերել հայհոյանքն ու անձի արժանապատվությունը վիրավորելը:
«Որևէ մեկի համար բացահայտում չեմ անի, եթե ասեմ հայհոյանքը կա, եղել ու մնալու է պատժելի մեր հասարակությունում, այլ հարց է պետությունն այդ հարցում քաղաքացուն մենակ է թողնելու թե օրենքով է սահմանելու պատասխանատվությունը»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի`այժմ ավելի խնդրահարույց է դարձել այս իրավիճակը, քանի որ հեռավար եղանակով հայհոյանք հասցնելը շատ ավելի վտանգավոր է դարձել` դառնալով հետագա քրեածին վարքագծի ձևավորման պատճառ:
Վարդանյանի համոզմամբ` նախագծի նպատակը ոչ այնքան պատասխանատվության ենթարկելու համար է, այլ կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, և վերանա հայ հասարակությունից:
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պետք է նախագծում ընդգծվեր որ պատգամավորին, կառավարության անդամին հայհոյանք հասցնելը պետք է քրեականացվի: Նա հիշեցրեց, որ որոշակի մասնագիտությունների դեպքում, ինչպես` փաստաբան, դատավոր, կա նման դրույթ, ստացվում է` պատգամավորները պաշտպանված չեն հայհոյանքներից:
Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց` յուրաքանչյուր անձի արժանապատվությունը պետք է պաշտպանված լինի, ուստի իրենք դեմ են տարբերակված մոտեցմանը:
Կառավարության դիրքորոշումը հայտնեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը` նշելով, որ կառավարությունը կողմ է այս նախագծին: Նա կարևորեց հատկապես լրագրողական, քաղաքացիական, իրավապաշտպան հասարակության գործունեության իրականացման համար նախագծով առաջարկվող առավել բարձր պաշտպանությունը:
Ըստ նրա` պետության պոզիտիվ պարտականությունն է բարենպաստ պայմանների ապահովումը նշված խմբերի մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացման համար: Ըստ փոխնախարարի` նախագծով առաջարկվող սանկցիաները կանխարգելիչ նպատակ ունեն:
Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հետաքրքրվեց, թե ինչպես է պետությունը պայքարելու այն երևույթի դեմ, երբ հանրության մի շարք ներկայացուցիչներ կիրառեն իշխանության հասցեին «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» արտահայտությունները: Հովսեփյանը հիշեցրեց նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կիրառած «իդիոտկա» բառը` հետաքրքրվելով, թե այս դեպքերն արդյոք քրեականացվելու են, թե ոչ:
Փոխնախարարն արձագանքեց` քննադատությունից անցնող բառերը քրեաիրավական գնահատման դաշտ տանելը խիստ վտանգավոր է: Նա նաև հավելեց, որ դժվար է այդ բառերը վերագրել որպես հայհոյանք, իսկ նախագծի նպատակը հայհոյանքի դեմ պայքարելն է:
Ըստ Հովսեփյանի` օրենքը ստեղծելու է սուբյեկտիվ գործոններ, լուրջ խնդիրներ են լինելու քաղաքական գործիչների համար:
Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 75 կողմ ձայնով:


