Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի՝ այդ թվում միջազգային լծակներով. Փաշինյան
Ես Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցել, աշխատել համատեղ, չարչարվել եւ գտնել փոխընդունելի լուծումներ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Բայց երբեմն սիմվոլիկայի եւ այլ ձեւերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի հանդեպ իրականացնել հարկադրանքի քաղաքականություն, ագրեսիվ հարկադրանքի եւ շանտաժի քաղաքականություն: Ես ԱԽ նիստում ասացի, որ Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, որովհետեւ արդեն այդ գործելակերպը այլ երկրների քաջալերմամբ թիրախավորում է ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը եւ ժողովրդավարությունը: Ես ասացի՝ պետք չի ՀՀ-ի հետ խոսել հարկադրանքի լեզվով՛՛,-ասաց նա:
Վարչապետը նաեւ հավելեց. ՛՛Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտության քննության ու քննարկման կարեւոր առարկաներից պետք է լինի: ԱԽ նիստում արձանագրել եմ՝ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ դեմ, սա պետք է այլեւս լինի միջազգային հանորւթյան քննարկման կիզակետում՛՛:
Նա նշեց. ՛՛Պատերազմից հետո, լինելով հետպատերազմական էյֆորիայի մեջ, փորձում է պատերազմում հաղթելու իրավունքն օգտագործել, մի բան, որը գոյություն չունի հիմա: Շատ համբերատար փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որ տարածաշրջանում իարդոյթյունը հանդարտվի: Միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա, եւ միջազգային հանրությանը դրանց հստակ հետեւի, որ միջ. Հարաբերությունների քայքայում է կատարվում: Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցադրում, ի՞նչ է նշանակում Արեւելյան Զանգեզուրը, միջանցքը, ի՞նչ են դրանք նշանակում:
Մենք հիմա էլ ենք հայտարարում՝ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում եւ չենք քննարկելու, ինչը չի նշանակում, որ կոմունիկացիաների բացումից հրաժարում ենք: Հայաստանն է ավելի շահագրգիռ կոմունիկացիաների բացմամբ, միջանցքային տրամաբանությունը, իմ կարծիքով, զարգացնում է հենց կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ Ադրբեջանին չհաջողվի դա անել: Ասվում է, որ բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաները բացվում են, իսկ հունվարի 11-ի հայտարարությունում ավելի մանրամասն է ձեւակերպված, թե ինչպես է դա տեղի ունենում: Այս իրավիճակն ավելի ու ավելի պետք է միջազգայնանան, որովհետեւ սա արդեն միայն ՀՀ-Ադրբեջան հարց չէ, միջազգային իրավունքի ու աշխարհակարգի հարց է՛՛:
Ալիեւն ասում է՝ որտեղ ուզենք, այնտեղ էլ՝ կկանգնենք: Այսինքն, պետք է հասկանանք՝ նոր աշխարհակարգ է՞ գործում, որտեղ ով որտեղ ուզի, կանգնի, սա նշանակում է, որ միեւնույն կերպ որեւէ երրորդ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ուզենա կկանգնի՞: Եթե Ադրբեջանը նման հռետորաբանություն է կիրառում մի հարեւանի նկատմամբ, սա նշանակում է, որ իր բոլոր հարեւաններին հայտարարում է, որ ուր ուզի՝ կկանգնի՞, կամ սա նշանակում է միջազգային իրավունքի նոր էջ է՞ բացվում եւ ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային փաստաթղթերը գոյություն չունե՞ն, ով որտեղ ուզի կկրակի՞, կներխուժի, կսպանի՞:
Սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա, վարձկանների ներգրավումը դառնում է նոր իրավու՞նք: Նաեւ սա է պատճառը, որ ՀՀ-ն այս հարցերի քննության մի քանի հարթակ է օգտագործում՝ այդ թվում ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանը, հետեւաբար, Ադրբեջանի պահվածքը պետք է քննարկման առարկա դառնա ոչ միայն եռակողմ ձեւաչափում, ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ում, ՀԱԱԳԱ-ում ու ՄԻԵԴ-ում: Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել Ժողովրդավարության գագաթաժողովին՝ առցանց է այն տեղի ունենալու, եւ այնտեղ եմ նաեւ պատրաստվում հարցը բարձրաձայնել: Այն, ինչ անում է Ադրբեջանը, հարձակում է նրա եւ նրան քաջալերող երկրների կողմից ՀՀ ինքնիշխանության, անկախության եւ, հիմա կարող եմ ասել, նաեւ ժողովրդավարության վրա, եւ դա պատրաստվում ենք հետապնդել միջազգային հնարավոր բոլոր հարթակներում: Մենք մեզ չենք սահմանափակելու՛՛:
Հարցին՝ արդյո՞ք կա պատերազմի վտանգ, Փաշինյանն արձագանքեց՝ կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի՝ այդ թվում միջազգային լծակներով: