երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանությունը չունի արժեքային համակարգ. Արծվիկ Մինասյան

Իշխանությունը չունի արժեքային համակարգ. Արծվիկ Մինասյան

Իշխանությունը չունի արժեքային համակարգ և չունենալով արժեքային համակարգ, չունի նաև գաղափարախոսություն։ Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ այն իշխանությունը, որը չունի արժեքային համակարգ և գաղափարախոսություն, ամենավտանգավորն է։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2019 թվականը աչքի է ընկել իրողություններով, որոնք կարելի է բնութագրել նոր մարտահրավերների, սպառնալիքների նոր մակարդակի տարի։

Այսպիսով, ըստ նրա, 2019-ը գնահատվել է որպես 7 ռիսկերի խորացման տարի:

«Այդ 7 ռիսկերն են՝ արտաքին քաղաքականությունում արձանագրված ձախողումներ, մեր անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի նկատմամբ թիրախային հարվածներ, ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման շրջանակներում արձանագրված ձախողումները և պատերազմի սպառնալիք, իրավական պետությանը ոչ բնորոշ երևույթներ։ Մյուս մարտահրավերը վերաբերում է մեր երկրում այսպես կոչված պետական ինստիտուտների, պետական կառավարման համակարգի ձախողմանը, մարտահրավեր վերաբերում է սոցիալ-տնտեսական կյանքին, և վերջինը՝ այն հասարակական մթնոլորտը, որ ստեղծվել է մեր երկրում, և որը նպատակաուղղված է ոչ միայն հանրային, բարոյական արժեքները ոչնչացնելուն, այլ նաև ազգային պատկերացումները, ազգային իղձերը ոտնատակ տալուն»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցություններին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն ոչնչացնում են քաղաքական կազմակերպություններին, այլ նաև գաղափարախոսությունը ոչնչացնելու միջոցով փորձում են թելադրել օրվա կամ իրավիճակային լուծումներ ու մոտեցումներ, ինչը ժողովրդավարական մոտեցում չէ:

Նրա խոսքով՝  2018-2019 թթ-ին չտեսան երկրի ղեկավարի կողմից որևէ դեպք, երբ քաղաքական կուսակցություններին կամ քաղաքական դերակատարություն ունեցող անձանց խորհրդատվության հրավիրեն երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու համար: Դրա փոխարեն, ըստ Ա.Մինասյանի, սևազգեստ մարդկանց փնտրելուց սկսած մինչև դավադիր պատերազմ հրահրելու մեղադրանքներ հնչեցվեցին:

«Մենք 2020-ին ունենք շատ անելիքներ, մեր քաղաքացիներից սկսած, որոնց իր բառապաշարով իշխանությունը Պողոս է անվանում, նրանց հետ աշխատելուց ,նրանց աչքերը բացելուց սկսած, ավարտած քաղաքական, մշակութային, գիտական հատվածի ներուժ ունեցող և պետականության համար պատասխանատվություն զգացող անձանց համախմբմամբ։ Միայն սա է ճանապարհը, որ մենք հնարավորություն կունենանք երկրում կասեցնել այս ընթացքը, որը տանում է պետականության կորստի»,- նշեց նա։  

 

  • Կիսվել: