Իշխանության փաստացի կրողն ու մյուս քաղաքական ուժերը անհավասար պայմաններում են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Եվ այսպես, թեւակոխեցինք քարոզարշավի ամենաթեժ փուլը։ Ընտրություններին մնաց մեկ շաբաթ։ Այս վերջին տասնօրյակում են հիմնականում կատարվում խախտումներն ու չարաշահումները, ինչպես նաեւ հենց այս օրերին են կողմնորոշվում դեռեւս չկողմնորոշված մարդիկ։ Այն, որ պայքարը թեժանում է, դրա մասին են վկայում նաեւ նախօրեից տարածվող լուրերը, քրեական գործերի հարուցումներն ու մեղադրանքները։
Ձերբակալել են Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, որը ՀՀԿ անդամ է եւ «Պատիվ ունեմ» դաշինքն է ներկայացնում։ Գավառում մեղադրանք է առաջադրվել «Բարգավաճ Հայաստանի» անդամին, որին մեղադրում են բնամթերք բաժանելու փորձերի մեջ, ինչը դատախազությունը գնահատել է որպես ընտրակաշառք։ Բայց ամենաշոշափելի խախտումները, իհարկե, անում են իշխող ուժը եւ նրան սպասարկող ուժային կառույցները։
Օրինակ, ոստիկաններ են այցելում մարդկանց տներ, փորձում են վարչական խողովակներով արգելել Քոչարյանի եւ մյուս ընդդիմադիր ուժերի նախընտրական հավաքներին մասնակցությունը։ Իսկ վարչապետի՝ արձակուրդում գտնվող ժամանակավոր պաշտոնակատարը՝ ոստիկաններով ու թիկնազորով շրջապատված, այցելում է մարզեր, շրջիկ խմբերի ուղեկցությամբ քարոզարշավ է անում։ Եվ այդ քարոզարշավի ժամանակ անթույլատրելի, Քրեական օրենսգրքով պատժելի հռետորաբանություն է կիրառում՝ թշնամանք ու ատելություն տարածելով, սպառնալով ու հայհոյելով։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում