հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը, ես չեմ կարող դա անել»․ Մարուքյան

«Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը, ես չեմ կարող դա անել»․ Մարուքյան

 Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվել է մի քանի պատճառով, որոնցից մեկը եղել է ՀՀ նոր Սահմանադրության ու ՀՀ հռչակագրի շուրջ անհամաձայնությունը։ Նա այդ մասին հայտարարեց ուղիղ եթերում։
 
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ վերջին անհամաձայնությունը դա է եղել է։ Ես ասացի` եթե անգամ դա մեր ներքին օրակարգն է, ես դեմ եմ պետականության հիմքերը վերանայելուն»,– ասաց նա։
Մարուքյանը նշեց` երբ Ադրբեջանը ներկայացնում էր խաղաղության պայմանագրի կնքման հինգ սկզբունքները, այնտեղ ՀՀ Սահմանադրությունը վերանայելու որևէ պահանջ չկար։
«Եթե մենք ընդունում ենք, որ նոր Սահմանադրություն պետք է ունենանք, նշանակում է` մենք թաղում ենք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն ամբողջությամբ»,– ընդգծեց Մարուքյանը։
 
Խոսելով Փաշինյանի հետ ունեցած մյուս անհամաձայնությունների մասին` նա նշեց, որ 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայի քառակողմ հանդիպումից հետո ու հատկապես նույն թվականի դեկտեմբերի 12–ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումից հետո հայտարարել է, որ մեր բոլոր կարմիր գծերը խախտված են, առաջարկել է ամբողջովին վերանայել մեր մոտեցումները բանակցային գործընթացի վերաբերյալ։
 
«Այն պլանը, որ հայկական կողմը ուներ ԼՂ–ի հետ կապված, փլվեց, ու ես սկսեցի անդադար փնտրել նոր նարատիվներ, նոր պլան, նոր սկզբունքներ, նոր մոտեցումներ, եթե կուզեք` ավելի կոշտ մոտեցումներ»,– ասաց նա։
 
Մարուքյանը վստահեցրեց, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու որոշումը հապշտապ չի կայացրել, այլ մոտ երեք ամիս մտածել է։ Նա ընդգծեց, որ իր հրաժարականի դիմումը կապ չունի մամուլում շրջանառվող մի շարք թեզերի հետ։
 
«Մամուլում գրել են, թե ահա սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին նա դուրս եկավ, միանշանակ ասում եմ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, գոնե այս պահին իմ ունեցած տեղեկություններով` մինչև ընտրություններ սահմանադրական փոփոխություններ չեն լինելու, տխմարագույն հեքիաթներ են, երբ ասում են, թե իշխանական նավը խորտակվում է։ Իշխանական նավը չի խորտակվում, դա են վկայում նաև Երևանի ավագանու վերջին ընտրությունները, հետևաբար իշխանության գործերը ներքաղաքական գործերում վատ չեն»,– հայտարարեց նա։
 
Ըստ Մարուքյանի`մարդիկ սովորաբար ուզում լավ բաներ լսել, սակայն իրականությունն այն է, որ դժվար է լինելու, բայց մենք կարողանալու ենք դուրս գալ այս իրավիճակից։
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց փետրվարի 29–ին։ Մարտի 4–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նրան պաշտոնից ազատելու որոշումը։

  • Կիսվել: