երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հզոր քայլ է. ՀՀ նախագահի շնորհակալական ուղերձն ԱՄՆ սենատորներին՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման համար

Հզոր քայլ է. ՀՀ նախագահի շնորհակալական ուղերձն ԱՄՆ սենատորներին՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ուղերձ է հղել ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելին, Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերին, սենատորներ Ռոբ Մենենդեսին և Թեդ Քրուզին՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

«Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել ձեզ և ԱՄՆ Սենատի անդամներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման համար, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագա ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Սենատի որոշումը նշանակալի քայլ է վերահաստատելու, որ ճշմարտությունը, արդարությունը և մարդկությունը մնում են մարդու հիմնարար իրավունքների հիմնասյուներն ու արժեքները: Այս առումով ես բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի որոշումը և, օգտվելով առիթից, կցանկանայի ձեզ և ամերիկացի ժողովրդին փոխանցել հայ ժողովրդի խորին երախտագիտությունն ու հարգանքը:

Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական երկխոսությունը, ակտիվացնենք երկկողմ հարաբերությունները և ամրապնդենք մեր գործընկերությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում։

  • Կիսվել: