կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ՀՀ ժողովուրդը երկրորդ անգամ հեղափոխություն արեց՝ ընտրությունների կեղծման էջը փակված է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ժողովուրդը երկրորդ անգամ հեղափոխություն արեց՝ ընտրությունների կեղծման էջը փակված է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ժողովուրդը երկրորդ անգամ հեղափոխություն արեց՝ այս անգամ պողպատե հեղափոխություն։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանում անշրջելիորեն փակված է ընտրությունները կեղծելու էջը։ Փաշինյանը հատ առ հատ շնորհակալություն հայտնեց հասարակության՝ նշելով մարզերի անվանումները։

 «Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խոսեց, և ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է. այն ձևակերպվել էր դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց արձանագրենք, որ տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսվում էր: Իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում  անխուսափելիորեն հաղթելու է: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ  շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով մենք կրկին վերգտանք իրար որպես մի ամբողջություն, և ահա հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է:

Իհարկե, այս ընթացքում մեր իրավապահ մարմինները կարողացան բավականին  արդյունավետ գործել ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ: Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանը, ԱԱԾ-ին այդ դժվար առաքելությունը իրականացնելու համար: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ երևույթները իսպառ վերացնել և չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չի եղել, և այնուամենայնիվ, դրանք որոշակի ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա ունեցել են: Բայց, ընդհանուր առմամբ, որ ՀՀ-ում անշրջելիորեն փակված է ընտրությունների կեղծման էջը, և Հայաստանում իշխանությունն այլևս ձևավորվելու է միայն ու միայն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, կարծում եմ աներկբա և հասկանալի է բոլորիս»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ եկել են մի հանգրվանի, երբ պիտի զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով: «Ուզում եմ ասել, որ հենց առաջիկա օրերից մենք քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին: Մենք նաև քայլեր կձեռնարկենք մեր երկրում գործարար, մշակութային, գիտական առողջ ուժերը կառավարության շուրջ համախմբելու և մեր երկրի և պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը ներգրավելու հարցում: Սա շատ կարևոր արձանագրում է,  որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ՔՊ-ին տվել է մանդատ առաջնորդել երկիրը, բայց էլի եմ ասում՝ մենք առավելագույնը կանենք քննարկելու և մեր մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները և ՀՀ-ում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ՔՊ-ն ԱԺ-ում կունենա աներկբա խորհրդարանական մեծամասնություն։

 

  • Կիսվել: