հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից սահմանի ականազերծման գործընթացը

ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից սահմանի ականազերծման գործընթացը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է թուրքական կողմից վերջին օրերին իրականացվող սահմանի ականազերծման աշխատանքները:
 

«Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանին հարակից թուրքական տարածքում (գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի դիմացի հատվածում) ականազերծման աշխատանքներն իրականացնում է DLC կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասվում է հարցման պատասխանում։

 
Հուլիսի 25-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին նաև, որ ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։
 
Sputnik Արմենիան ԱԱԾ-ից տեղեկություններ էր խնդրել նաև այն մասին, թե ովքեր և ինչ նպատակով են իրականացնում ականազերծումը, և ինչ ականների մասին է խոսքը։
Պարզվում է` նշված թուրքական հատվածը ականապատվել է դեռևս Խորհրդային Միության ժամանակ։
 
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, թե ականազերծումը կապվա՞ծ է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ, ասել է՝ «տվյալ դեպքում հնարավոր չէ միանշանակ ինչ-որ բան ասել, այդ պատճառով ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»:
 
Հուլիսի 25-ին հայտնի դարձավ նաև, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս։ Դիվանագետն Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի «Դողուքափը» անցակետ, ապա շրջել Անիի ավերակներում:
 
Նշենք, որ ԵՄ-ն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 2021 թվականի սեպտեմբերին գործարկել են 18,6 մլն եվրո արժողությամբ նախագիծ, որի համաձայն 2023 թվականի հունվարին նախատեսվում է Թուրքիայի արևելյան սահմանի երկայնքով 83 000 ցամաքային ական վնասազերծել: Նախագիծը մյուս երկու փուլերի շարունակությունն է, որոնց ընթացքում 2016 թվականից ի վեր 46 000 ական է վնասազերծվել:

  • Կիսվել: