հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հերթական անգամ ժողովրդի թիկունքում դավադիր գործարք է տեղի ունեցել թշնամու հետ․ Մանուկյան

Հերթական անգամ ժողովրդի թիկունքում դավադիր գործարք է տեղի ունեցել թշնամու հետ․ Մանուկյան

Իշխանություններին չի հետաքրքրում, թե ինչ տարածքներ ենք տալիս, մեր ինքնիշխանությունը զիջում ենք, թե չենք զիջում: Այս մասին, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի հրավիրած հրատապ նիստի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին տիրող իրավիճակին, որտեղ Ադրբեջանն արդեն մաքսակետեր է տեղադրել:

Նա  նկատեց, որ մաքսակետերի հետ կապված պատմությունը նոր չէ, Ադրբեջանն վաղուց արդեն մաքսակետեր դրել էր Գորիս-Կապան ճանապարհին եւ իրանցի վարորդներից մաքս էին գանձում:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իրանցի վարորդների հետ կապված հարցը համարում էր Ադրբեջանի և Իրանի ներքին գործը՝ վստահեցնելով, որ Հայաստանը մտահոգվելու որևէ առիթ չունի։

«Նաև ցանկանում եմ հիշեցնել թիվ մեկ պատասխանատուի և մեղավորի խոսքերը, որը նա ասել է 2021 թվականի սեպտեմբերի 15-ին․ «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գորիս-Կապան ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար»։ Բայց ահա, այսօր մենք ունենք այսպիսի պատկեր, երբ երկկողմանի մաքսակետեր են տեղադրվում, հայ վարորդներին ադրբեջանցիները կարող են նույնիսկ թույլ չտալ օգտվել այդ ճանապարհից և, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինելու է․ մենք չենք կարողանալու օգտվել այդ ճանապարհից», - ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ վերը նշված հայտարարություններն ընդամենը հերթական «փափուկ բարձն» էին, հերթական «խաղաղասիրությունն» ու սուտը. «Հերթական անգամ ժողովրդի թիկունքում դավադիր գործարք է տեղի ունեցել թշնամու հետ», - ընդգծեց պատգամավորը։

  • Կիսվել: