կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների. Արմեն Գրիգորյան

Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների. Արմեն Գրիգորյան

Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը: Այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ Ուրուգվայի իր գործընկերոջ՝ Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ հայտարարության ընթացքում:

«Ի թիվս այլոց՝ երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը: Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայն աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային ու աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող կիլոմետրերի հեռավորությունը:

Ցավոք, Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել, Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների: Դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները: Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի համերաշխությանը»,- ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: