կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հայաստանում գիտական մակարդակով կզբաղվեն Ադրբեջանում, Արցախում եւ Նախիջեւանում հայերի ցեղասպանության հարցերով

Հայաստանում գիտական մակարդակով կզբաղվեն Ադրբեջանում, Արցախում եւ Նախիջեւանում հայերի ցեղասպանության հարցերով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հավանություն է տվել նրան, որ մենք բացենք հատուկ բաժին, որը կազմված կլինի երեք գիտական աշխատողներից, որոնք կզբաղվեն Ադրբեջանում, Արցախում եւ Նախիջեւանում հայերի ցեղասպանության հարցերով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա նշել է, որ այդ մասին խոսում եւ գրում են, սակայն բոլորը հրապարակման մակարդակում: Վաղուց պետք է անցնել գիտական ոլորտի մակարդակին, միջազգային հանրությանը ներկայացնել առկա փաստերը:

Թանգարանի տնօրենը պարզաբանել է, որ շուտով կհայտարարվի մրցույթ եւ ապագա մրցակիցների համար պարտադիր պայման կդառնա անգլերենի փայլուն իմացությունը, իսկ որոշ դեպքերում նաեւ ադրբեջաներենի իմացությունը:

«Ըստ ամենայնի՝ բաժինը կազմված կլինի միջազգային իրավունքի, պատմության եւ արեւելագիտության մասնագետներից: Հետագայում հաստիքակազմը կարող է ընդլայնվել: Աշխատակիցները կֆինանսավորվեն թանգարանի բյուջեից: Մենք ցանկանում ենք, որ անցկացվեն ակտիվ հետազոտություններ: Պետք է հասկանալ՝ ինչպես են մեկնաբանվել վայրագությունները, ինչպես են դրանք ընկալվել: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կրկին ակտիվորեն առաջ է մղում այսպես կոչված «ալբանական տեսությունը»: Դա կարելի է դիտարկել՝ որպես մշակութային ցեղասպանության տեսակներից մեկը: Աշխատանքները պետք է կատարվեն անգլերեն, հրապարակվեն հեղինակավոր պարբերականներում եւ հասանելի լինեն օտարերկրացիների համար»,-հավելել է Մարությանը:

  • Կիսվել: