երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գյումրու ռուսական ռազմակայանը թե՛ ՀՀ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի անվտանգության բաղկացուցիչ առանցքային կառույցն է. դեսպանորդ

Գյումրու ռուսական ռազմակայանը թե՛ ՀՀ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի անվտանգության բաղկացուցիչ առանցքային կառույցն է. դեսպանորդ

 
Հայաստանի և Ռուսաստանի կապերը, որոնք ամրակցվել են ընդհանուր պատմությամբ, մշակութային և հոգևոր ժառանգությամբ, երկու ժողովուրդների բարեկամությամբ, նրանց միաձուլմամբ` շատ կարևոր և բազմակողմանի են։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ ոչ միայն պահպանում են ժառանգականությունը, այլև շարունակում են զարգանալ: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա վեցերորդ նիստաշրջանի շրջանակում անցկացվող «Հայ–ռուսական հարաբերությունները 2019 թվականին. հնարավորությունների նոր պատուհան» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը։
 
Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են 2 մլրդ դոլարի ռեկորդային ապրանքաշրջանառության հասնել 2019 թվականին։
 
Ըստ դեսպանորդի՝ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական գործընկերության և դաշնակցային  բնույթ են կրում, իսկ երկրների միջև ինտենսիվ երկխոսություն է ընթանում  նաև բարձրագույն մակարդակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն 5 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և 4 անգամ` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
 
Սինեգուբովի խոսքով` փոխգործակցությունն ակտիվ ընթանում է նաև միջկառավարական հանձնաժողովների և խորհրդարանի մակարդակով։ Նա ասաց. «Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշնակցության կարևորագույն կողմերից է կանոնավոր և ինտենսիվ երկխոսությունն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Խիտ համակարգում է իրականացվում, այդ թվում` արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափով»։
 
Նա կարևորեց կապերն անվտանգության ոլորտում. «Գյումրու ռուսական ռազմակայանն ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության բաղկացուցիչ առանցքային կառույց է։ Ինչպես բազմիցս նշել է վարչապետ Փաշինյանը, նրա տեղակայվածությունը ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին»։
 
Քաղաքական կապերից բացի, ըստ դեսպանորդի, դինամիկ բնույթ են կրում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:
 
Սինեգուբովն ասաց, որ Ռուսաստանը շարունակում է առաջատար մնալ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում։  2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1,7 մլրդ դոլարի, ինչը Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառության 27%–ն է։ Նա նշեց. «Հույս ունենք, որ տարվա արդյունքներով մեզ կհաջողվի ռեկորդային` ավելի քան 2 մլրդ դոլար, ցուցանիշի հասնել»։

 

 

  • Կիսվել: