չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի հետ

Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի հետ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարին նամակ է հղել՝ կապված Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և Արցախի ղեկավարներին նվիրված ցուցահանդեսի անցկացման հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Սույն նամակով ցանկանում եմ արտահայտել իմ խոր մտահոգությունն ու վճռական բողոքը՝ կապված Փարիզի քաղաքապետարանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համատեղ նախաձեռնության հետ, որի շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 2-ին Փարիզի քաղաքապետարանի դիմացի հրապարակում նախատեսվում է տեղադրել պաստառներ, որոնք ներկայացվում են որպես «Ադրբեջանի կողմից պահվող հայ բանտարկյալների» դիմանկարներ։ Նախևառաջ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել մի շարք տեղեկություններ, որոնք, հուսով եմ, կդրդեն Ձեզ ավելի լավ ծանոթանալու տեղում տիրող ներկայիս իրավիճակին»

Դեսպանն ընդգծել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, իսկ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հայաստանի»։

Աբդուլլաևայի խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակում նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը և ստորագրվել համատեղ հռչակագիր, ինչը, նրա գնահատմամբ, նոր փուլ է բացել երկու երկրների հարաբերություններում։ Նա նաև հղում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությանը, ըստ որի՝ երկու երկրների միջև խաղաղությունը դարձել է «տեսանելի և շոշափելի»։

Ադրբեջանի դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը ստացած խաղաղության գործընթացը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչը, նրա խոսքով, կրկին հաստատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Այս նոր համատեքստում դեսպանատունը առանձնահատուկ մտահոգությամբ է վերաբերվում ցանկացած նախաձեռնության, որը կարող է անցյալի միակողմանի և հակամարտային մեկնաբանություն ներկայացնել կամ Փարիզի հանրային տարածք կրկին բերել այնպիսի նարատիվներ, որոնք անհամատեղելի են երկու պետությունների միջև սկսված խաղաղության գործընթացի ոգուն։ Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ դիտարկվող նախաձեռնությունը, ըստ ամենայնի, գալիս է Ֆրանսիայի հայկական համայնքը ներկայացնող կազմակերպություններից, մինչդեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, հստակ հայտարարել են Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորումը շարունակելու իրենց պատրաստակամության մասին», – ասվում է դիմումում։

Աբդուլլաևան նաև նշել է, թե ցուցահանդեսի անցկացումը հակասում է խաղաղության օրակարգին: Նա կոչ է արել Փարիզի քաղաքապետարանին վերանայել ցուցահանդեսն անցկացնելու որոշումը և դադարեցնել դրա անցկացումը։

  • Կիսվել: