կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
«Հայաստան»-ը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին

«Հայաստան»-ը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին

«Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին: Արմեն Գևորգյանի կենսագրությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Արմեն Գևորգյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է Ազգային ժողովի մշտական հանձնաժողների դերը` օրենսդրական մշակման հարցերից, մինչև արտաքին կապեր և խորհրդարանական վերահսկողություն:

Պատգամավորը  ներկայացրեց տարածաշրջանային համագործակցության և եվրասիական ինտեգրման հարցերի առնչությամբ իր պատկերացումները:

« 44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը և աշխարհաքաղաքականությունը: Պատերազմի հետևանքները փոխել են Հայաստանի ու Արցախի տեղն ու դերը այս ճարտարապետության մեջ: Զգալիորեն թուլացած ու անվտանգային լրջագույն խնդիրների շեմին գտնվելով, հայ ժողովրդին, այնուամենայնիվ, պատմականորեն վիճարկված է ապրել այս հողի վրա ու այս տարածաշրջանում: Հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ: Մենք այստեղ ապրում ենք դարերով և պետք է շարունակենք ապրել և արարել: Դրա համար անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն, որի միջավայրը, նոր իրողություններից ելնելով, պետք է  մեր պետությունը կառուցի իր ազգային անվտանգության շահերի խորը գիտակցմամբ»,- ասաց Գևորգյանը:

«Այսօր Հայաստանը գտնվում է ուժեղ ճնշման ներքո տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացելու համար: Եթե ներկայում առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր: Սա է իրականությունը, որը մեզ համար ձևավորում է նոր, ռեգիոնալ ռիսկեր: Այս իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց և թափանցիկ, պետք է պարզենք՝ արդյո՞ք ռեգիոնալ ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռևս կան չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ»,-ասաց Գևորգյանը:

Պատգամավորի խոսքով` անգամ ճանապարհների ապաշրջափակման դեպքում կարելի է ձևավորել Արցախի և Հայաստանի շահերի համար նպաստավոր օրակարգ՝ օրինակ, խնդիր դնել Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր:

«Եթե վերոնշյալի շուրջ գործող իշխանություններն արդեն իսկ ունեն պարտավորություններ և գնալու են այդ ճանապարհով, ապա խորհրդարանի խնդիրն է օգտագործել առկա ողջ գործիքակազմը՝ այդ գործընթացի հետևանքները մեղմելու և հայ ժողովրդի համար բարենպաստ դարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում վտանգավոր միտումները կանխելու համար»,- ընդգծեց Արմեն Գևորգյանը:

Պատգամավորի համոզմամբ` Հայաստանը պատմական հնարավորություն ունի հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու` Քաջարանի թունելի կառուցման ճանապարհով, ինչպես նաև ուժերի լարումով անցնել  գործնական քայլերի ՝ Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմն ակտիվացնելու ուղղությամբ:

  • Կիսվել: