հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները՝ մեր տարածաշրջանում, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար. Փաշինյան

ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները՝ մեր տարածաշրջանում, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար. Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հետաքրքրվել է Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ հարցի շուրջ արձագանքներից:

«Մեր ասելիքն ավելի ու հասկանալի ու ըմբռնելի է դառնում մեր գործընկերների համար, և վերջին շրջանում այդ թեմայով հնչած հրապարակային հայտարարությունները գալիս են դա հիմնավորելու»,- ի պատասխան ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, բոլոր հարթակներում հայկական կողմը պետք է հետևողականորեն պաշտպանի Հայաստանի ազգային շահերը, հետաքրքրությունները:

«Եվ մենք ընդամենը շարունակում ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակաևրգն է, որում ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունը: Եվ եթե ուշադրություն եք դարձրել, Բիշքեկում ես հարցն առաջադրեցի բոլորովին ուրիշ կոնտեքստում՝ ասելով, որ վստահ եմ, որ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները՝ մեր տարածաշրջանում, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար: Բայց ես ցույց տվեցի, որ տվյալ դեպքում խոսքը ոչ միայն Հայաստանի անվտանգության մասին է, այլև ՀԱՊԿ անդամ երկրների և մեծ հաշվով ընդհանրապես տարածաշրջանի: Իմ համոզմունքն այն է, որ եթե ԼՂ հակամարտության գոտում մենք ունենանք նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար, որոնց համար այդ վիճակում գտնվող Ադրբեջանը շատ լավ հենակետ կարող է դառնալ:

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք տեղեկություն ունենք, որ Իսլամական պետության կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ: Եթե սխալ քաղաքականության հետևանքով նրանց հաջողվի որոշակի հենակետ ունենալ կամ ընդլայնել իրենց հենակետը, Ադրբեջանը շատ հարմար հենակետ է նրանց համար՝ գործելու դեպի հյուսիս, արևելք, դեպի հարավ և արևմուտք: Իսկ այդ ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ երկրներ են: Եվ ես ասացի, որ սեփական անվտագության նկատառումներից ելնելով՝ այս հարցը պետք է մեր գործընկերները լրջորեն դիտարկեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: