չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Հանրային խորհրդին կմիանան «հեղինակավոր միություններ», նաև՝ գործարարներ

Հանրային խորհրդին կմիանան «հեղինակավոր միություններ», նաև՝ գործարարներ

Հանրային խորհրդի նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանը չի կարծում, թե Հանրային խորհրդից մասսայական արտահոսք կա: Հակառակը, նա պնդում է, որ արտահոսքը եղել է նախկինում, երբ բազմաթիվ մասնագետներ հայտարարեցին, որ լքում են ՀԽ-ն:

«Դա այն ժամանակ էր, երբ մասսայական արտահոսք կար կառույցից, երբ բազում մասնագետներ լքեցին այն։ Ես այս օրերի ընթացքում փորձում եմ գտնել ու զրուցել նրանց հետ, ետ բերել նրանց։ Նրանցից շատ շատերը համաձայնություն են տվել հետ գալու», InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Ավելին, ըստ ՀԽ նախագահի, իր կողմից ղեկավարվելիք կառույցը առաջիկայում ունենալու է նոր անդամակցություններ, մասնավորապես, նրանց են միանալու «հեղինակավոր միություններ»։

«Անուններ չեմ տա, բայց Հայաստանում գործող ամենամեծ համայնքներից մեկի կողմից առաջարկ է եղել միանալ Հանրային խորհրդին», -ասաց Սաֆարյանը։

Հետաքրքրվեցինք՝ ովքեր են այդ կազմակերպությունները կամ անձինք, ովքեր ցանկություն ունեն միանալ Հանրային խորհրդին, Սաֆարյանը պատասխանեց, որ դրանք գործարար շրջանակներից են, Հայաստանում գործունեություն իրականացնող մասնագիտական միություններից են։ Փորձեցինք հաստակեցնել՝ գործարարնե՞ր են միանալու ՀԽ-ին, Սաֆարյանը արձագանքեց.

«Եկեք փակագծեր չբացեմ, կգա ժամանակը, հայտարարություններ կարվեն»։

Մոտ ժամանակներում անելիքները ներկայացնելիս, Սաֆարյանն ասաց, որ առաջին հերթին Հանրային խորհրդի մասին օրենքը լրամշակելն է և առաջիկայում Խորհրդի ներսում քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկները կներկայացնեն վարչապետին։ Սաֆարյանն ասաց, որ նախատեսում են լուծել Հանրային խորհրդի շենքային խնդիրները, որպեսզի կարողանան ունենալ գործունեության մշտական տարածք։

«Շատ կարևոր եմ համարում Հանրային խորհրդի մասին օրենքով ամրագրված լիազորությունների գործնական մեխանիզմներ ստեղծելը, դա հանրայն կարծիքի ուսումնասիրությունն է, որը կարող է իրականացվել բացարձակապես սոցիոլոգիական հարցումների, ֆոկուս խմբերի և այլ մեթոդներով։ Մենք պարոն վարչապետի առջև կդնենք նաև այդ փաթեթը, որովհետև լիազորությունը տրված է, բայց լիազորության իրականացման կոնկրետ մեխանիզմներ չեն եղել, քանի որ դա նախկին խորհրդին չի էլ հետաքրքրել», -ասաց Սաֆարյանը։

Իրենց անելիքների շարքում է նաև ՀԽ փորձագիտական ներուժի գույքագրումը՝ պարզելու ինչ կարողություններ կան։

«Մենք պետք է հասկանանք՝ մեր կառույցում ով ինչ պոտենցիալ ունի, ինչ կարող է անել։ Իսկ եթե այդպիսիք չկան, պետք է հասկանանք՝ ում և ինչպես ենք պատվիրակում փորձագիտական աջակցության համար»,- հավելեց ՀԽ նախագահը։

Հանրային խորհուրդը, նոր նախագահի վստահեցմամբ, կոչված է լինելու հանրային շահի վերհանմանը, հանրային կարծիքի բացահայտմանը, փորձագիտական եզրակացություն ու առաջարկություններ ներկայացնել՝ հանրությանն առնչվող կարևորագույն որոշումների վերաբերյալ։

«Մենք չենք հավակնում փոխարինել կառավարությանը, փոխարինել խորհրդարանին, բայց մենք ուզում ենք, որ Հանրային խորհուրդը լավագույնս իրականացնի Սահմանադրության 161-րդ հոդվածով իր վրա դրված պարտավորությունը՝ դա կառավարությանը խորհրդատվություն ներկայացնելն է»,- ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը։

  • Կիսվել: