Հանրային արշավ Կանադայում՝ հօգուտ ՄԱԿ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման
Կանադայում առցանց հանրային արշավ է նախաձեռնվել՝ կոչ անելով Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների քաղաքացիներին դիմել ՄԱԿ-ին՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն։
Նախաձեռնության հեղինակները համապարփակ տեղեկատվություն են ներկայացնում Արցախի պատմության մասին, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Արցախը հայկական թագավորության մաս է եղել դեռևս Ք.ա. 5-րդ դարից ի վեր՝ կազմելով Մեծ Հայքի թագավորության 10-րդ նահանգը։ Հաջորդող դարերի ընթացքում Արցախը՝ որպես Հայաստանի մաս, տարբեր տերությունների տիրապետության տակ է եղել, սակայն մշտապես պահպանել է հայկականությունը՝ կարևոր դերակատարում ունենալով հայկական պետականության, մշակույթի և քաղաքակրթության զարգացման գործում։
Տեղեկատվության մեջ խոսվում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման և պատմության մասին՝ նշելով Ստալինի կամայական որոշմամբ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցման և հաջորդած 70 տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ խտրականության և հայաթափման քաղաքականության մասին։ Այս իրավիճակն ի վերջո հանգեցրեց 1988թ. արցախահայության ազգային-ազատագրական շարժմանը և որպես շարունակություն՝ 1991 թ. Արցախի Հանրապետության հռչակմանը։ Սակայն, ի պատասխան, ադրբեջանական իշխանությունները նախ կազմակերպեցին հայկական ջարդեր Ադրբեջանի հայաշատ քաղաքներում և Հյուսիսային Արցախում, իսկ այնուհետև՝ 1992-1994 թթ., Արցախի դեմ սանձազերծեցին լայնածավալ պատերազմ, որն ավարտվեց 1994 թ. Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ։
Ներկայացնելով նաև հրադադարի հաստատմանը հաջորդած 27 տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության, ինչպես նաև 2016 թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի և 2020 թ. հուլիսին Հայաստանի հետ սահմանին ձախողված հարձակողական գործողությունների մասին, արշավի նախաձեռնողները կոչ են անում սատարել ՄԱԿ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը՝ ընդգծելով, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության ամրապնդմանը և Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ ռազմական ագրեսիայի և հայ ժողովրդի դեմ ցեղասպանության կրկնման կանխարգելմանը։