ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հանքարդյունաբերող ընկերության պետբյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսից կտրվի նաև ազդակիր համայնքներին

Հանքարդյունաբերող ընկերության պետբյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսից կտրվի նաև ազդակիր համայնքներին

Հանքարդյունաբերող ընկերությունը պետբյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսից 50/50 հարաբերակցությամբ կբաշխի տվյալ ընկերության հանքի ազդակիր համայնքի և ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքերի ազդակիր համայնքների միջև. Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին:

«Նախագծով առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին և այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաև սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում՝ ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը»,- նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախորդ տարվա կարգավորումների սահմաններում խոսքը մոտ 700 մլն դրամի մասին է: Եթե հաշվի առնենք, որ մենք ընդհանուր առմամբ ռոյալթիների համակարգը վերանայելու գործընթացի մեջ ենք, և հաշվի առնելով, որ մետաղների գները կանխատեսումներով շարունակաբար բարձրանալու են, էդ գումարը նույնիսկ նախորդ տարվա չափանիշներով փոքր չեն. համայնքները կարող են այդ գումարներով իրենց սուբվենցիոն հնարավորություններն ընդլայնել: Խոսքը 23 ազդակիր համայնքի մասին է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: