չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Համատարած ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզարշավն ունեցավ տրամաբանական ավարտ. Արա Աբրահամյան

Համատարած ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզարշավն ունեցավ տրամաբանական ավարտ. Արա Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, գուցե ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

 
 
 

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Համատարած ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզարշավն ունեցավ տրամաբանական ավարտ: Արձանագրված են բազմաթիվ խախտումներ:

Ցավոք, ինչպես կանխատեսում էի 2018-ին, և այդ կանխատեսումն իրականացավ, այնպես էլ հիմա, ակնհայտ է, որ երեկվա ընտրության արդյունքում վերարտադրված քաղաքական ուժը, ունենանլով բացարձակ իշխանություն, ի վիճակի չի լինելու լուծել պետության և ժողովրդի ապագայի շահից բխող որևէ խնդիր: Կարճ ժամանակ անց, մենք բոլորս առերեսվելու ենք դառը իրականությանը: Քաղաքական տեխնոլոգիաների միջոցով, դարձյալ օգտագործվեց մարդկանց հավատն ու միամտությունը: Հանրությանը տարիներով սնելով կեղծ տեղեկատվությամբ, կոտրելով հավատը պետության ու վաղվա օրվա նկատմամբ, դրեցին սահմանափակ ընտրության առաջ, թույլ չտալով մտածել նոր, վստահելի այլընտրանքի մասին:

Ցավոք սրտի, մենք ականատես ենք լինելու նոր մեծ ճգնաժամի, որի մեջ հայտնվելու է մեր երկիրը:

Քաղաքական, տնտեսական ու սոցիալական դժվարւթյունն էլ ավելի է խորանալու, մեծանալու է արտագաղթի ծավալը, սրվելու են լարումն ու պառակտվածությունը:

Հայաստանին լուրջ ներքին և աշխարհաքաղաքական փորձություններ են սպասվում:

Սիրելի ժողովուրդ,

Հիմա առավել քան երբևէ մենք հավաքական լայնախոհության կարիք ունենք՝ մեր հայրենիքն այս իրավիճակից հանելու համար:

Հայաստանը սիրո, համերաշխության և միասնականության կարիք ունի, և ոչ թէ չարության ու «պողպատի»:

Ես համոզված եմ, որ, ինչպես պատմության մեջ շատ անգամ, այնպես էլ հիմա մեր ժողովուրդը կկարողանա իմաստություն և համբերություն ցուցաբերել, միավորվել և չդառնալ մեծ քաղաքական խաղերի և ներքաղաքական մանր ինտրիգների զոհ»:

  • Կիսվել: