կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը  նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ գրավվել են. Ռուբինյան

Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ գրավվել են. Ռուբինյան

Խորհրդարանի փոխխոսնակի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ ետք է շարունակել աշխատել  ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի ՀԱՊԿ գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն։

Ինչ վերաբերվում է Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը հանձնելուն՝ Ռուբինյանը, պատասխանելով  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ասաց, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը չեն հանձնվել Ադրբեջանին, դրանք նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ գրավվել են։

ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրվեց հայտնի եռակողմ փաստաթուղթը, որով ևս լրացուցիչ մի քանի շրջաններ հանձնվեցին Ադրբեջանին։ «Սակայն դրանից մեկ ամիս հետո, երբ թվում էր, թե կա հրադադարի հետ կապված փաստաթուղթ, Ադրբեջանին լրացուցիչ տարածքներ հանձնվեցին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Կովսականի շրջանի, Սանասարի շրջանի այն հատվածներին, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով գտնվում էին հայկական վերահսկողության ներքո։ Նույնը վերաբերում է Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերին, հարակից բարձունքներին, Դիզափայտ լեռանը։ Հետագայում ձեր ղեկավարը պարզաբանեց, որ դա չէր համապատասխանում նոյեմբերի 9-ի փաստաթղթին, բայց եղել է բանավոր փոխըմբռնում, պատերազմի վերսկսման վտանգ, ինչի արդյունքում այդ տարածքները բանավոր փոխըմբռնմամբ հանձնվել էին Ադրբեջանին։ Հիմա, արդյոք պատերազմի վտանգի սպառնալիքի աճի պարագայում չի գործելու այդ վատ նախադեպը և պատերազմի սպառնալիքի հիմնավորման տակ նոր տարածքեր չեն հանձնվելու Ադրբեջանին»,- հարցրեց Աբրահամյանը։

Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան ասաց․ «Ինչ վերաբերում է Հին Թաղերին, Խծաբերդին և Դիզափայտին, դրանք չեն հանձնվել, դրանք ապօրինաբար նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»։

Ռուբինյանը նշեց, որ ինչ վերաբերում է Սյունիքին հարակից տարածքներին, դրա պատասխանը տրվել է մի քանի անգամ։ «Մեր տրամաբանությունը եղել է հետևյալը, որ ընդհանրապես միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը միայն գիծ չէ, որոշակի երաշխիք է, որովհետև մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում այն շրջանում, որը դուք նշում եք՝ Կովսականի շրջանում, մի բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններին։ Դա է եղել տրամաբանությունը։ Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք սահմաններին։ Եվ դա, այո, որոշակի երաշխիքներ է ենթադրում, որովհետև դա ոչ միայն ՀՀ սահմանն է,  այլ նաև Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության սահմանն է։ Գիտեմ, հիմա դուք նաև գուցե իմ ասածից բխեցնեք, որ՝ բայց դա չխանգարեց, որպեսզի Սև լճի և Գեղարքունիքի տարածքում տեղի ունենան հայտնի իրադարձությունները։ Եվ ես կհամաձայնեմ ձեզ հետ, կասեմ, որ դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել մեր ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի ՀԱՊԿ գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն, որովհետև դա միջազգային պարտավորություն է»,- նշեց Ռուբինյանը։

«Ձեր ասած հիմնավորմամբ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է մտնել և զավթել ՀՀ տարաբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք նրանով, որ դուք չէիք ուզում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը։ Ինչ վերաբերում է Սև լճին ու Գեղարքունիքի մյուս հատվածներին, ադրբեջանական զորամիավորումներն այնտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան։ Մեր վերլուծությունն այն է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը։ Մենք դեռ փորձում ենք քաղաքական դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը, և մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ ՌԴ-ն կիսում են մեր դիրքորոշումը սահմանային որոշ կետերի ուղղությամբ»։

  • Կիսվել: